-Որտեղի՞ց են սերում Ձեր արմատները: Կպատմե՞ք մի հիշարժան դեպք Ձեր մանկությունից, պատանեկությունից կամ դպրոցական հուշերից: Ո՞րն է ծնողներից ստացած տպավորված խորհուրդը:
-Ծնվել և մեծացել եմ Երևանում: Գերդաստանս սերում է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից: Հայրս, 5 եղբայրների հետ միասին, մեծ ու հզոր ընտանիքի շառավիղներ են եղել, որը, ցավոք, Մեծ եղեռնի օրերին թողեց իր բնակավայրը և բնակություն հաստատեց Արևելյան Հայաստանում: Բավականին ծանր ու դժվար օրեր են ապրել 1915-1918 թթ., սակայն չեն ընկճվել և մնացել են հավատարիմ իրենց ազգանվեր գործունեությանը: Գերդաստանիս յուրաքանչյուր ներկայացուցչի մատնացույց անելով՝ կարող եմ ասել, որ իրենց ոլորտի գիտակներից ու առաջատարներից են եղել: Ծնողներիս մասին խոսելիս առաջին անդրադարձս պետք է լինի հորս՝ Խորհրդային Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Զավեն Մարուխյանին, ով կանգնած է եղել Հայաստանի պոլիգրաֆիական արդյունաբերության ստեղծման ակունքներում: Կարող եմ հստակ ասել՝ Հայաստանում տպագրահրատարակչական գործի փոքրաթիվ հիմնադիրներից մեկը հայրս է եղել: Մշակութային գործիչ էր, ավարտել էր ԵՊՀ-ի պատմաբանասիրական ֆակուլտետը և իր ամբողջ գործունեությունը ծավալել Հայաստանի տպագրական արտադրության գործընթացում: Եղել է Խորհրդային Հայաստանի մամուլի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, պոլիգրաֆիական արդյունաբերության վարչության պետ: Բնականաբար բնավորությանս և կենսակերպիս շատ ու շատ գծեր ձևավորվել են հորս բարերար ազդեցությամբ: Անմասն չի եղել նաև մայրս, ով տնային տնտեսուհի էր և իր ամբողջ հոգածությունն ուղղել է իմ և երկու քույրերիս դաստիարակությանը, կրթությանը:
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում, որտեղ սովորել եմ, ժամանակին լավագույնն էր մայրաքաղաքում և սկզբում հայտնի էր որպես արական դպրոց: Ուսուցումն արական և իգական սեռերի միջև տարբերակված էր, դպրոցներն առանձին էին: 2-րդ դասարան էի, երբ թույլ տվեցին համատեղ ուսուցումը: Սովորել եմ 11 տարի: Մեր սերնդի ժամանակ ավելացրին ուսումնառության ժամկետը, որպեսզի կարողանանք նաև արտադրական փորձ ձեռք բերել: Գրեթե 2 տարի հաճախում էինք տարբեր ձեռնարկություններ՝ սովորելու խառատի և փականագործի մասնագիտություններ, պահպանված վկայականներն էլ կան, ունեմ համապատասխան կարգեր: Դպրոցական տարիներից սկսած ուղղակիորեն ներգրավված եմ եղել ինչպես դպրոցի հասարակական կյանքում, այնպես էլ սպորտային տարբեր խմբակներում: Երեք մարզաձևերից՝ ձեռքի գնդակ, ֆուտբոլ և բասկետբոլ կարգ եմ ունեցել: Սպորտային ուղղություններից մեկը՝ բասկետբոլը գերակշռեց: Խաղացել եմ Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականում:
Ծնողներիցս և առհասարակ ընտանեկան դաստիարակությունից, ստացած կարևորագույն խորհուրդը համարում եմ հետևյալը՝ «լինել արդարամիտ», իսկ եթե արդարամիտ ես, մնացածը ածանցյալներ են և հեշտ են ստացվում:
-Ինչպիսի՞ հիշարժան դեպք կպատմեք ուսանողական տարիներից: Որքանո՞վ էիք ներգրավված ուսանողական միջոցառումներին: Այժմ խրախուսո՞ւմ եք Ուսանողական խորհրդի աշխատանքը:
-Ուսանողական տարիներին միշտ ներգրավված եմ եղել ուսանողական միջոցառումներում: Գործում էր կոմերիտական կազմակերպությունը, տարաբնույթ խմբակներ: Ուսումնառությունը 5 տարով էր: Սկզբում ընդունվել եմ Շինարարական, հետո տեղափոխվել Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ: Հայաստանում «Ջերմային էլեկտրակայաններ» մասնագիտությամբ առաջին շրջանավարտներից եմ: Շփվել եմ Պոլիտեխնիկի վաստակաշատ դասախոսների մի խմբի հետ, ինչպիսիք էին պրոֆեսոր Լիպարիտ Տիգրանի Ղոլոյանը, Մամիկոն Բաղդասարի Բուբուշյանը և այլք: Երախտագիտությամբ պետք է հիշեմ մեր դեկանին` Վազգեն Գրիգորի Գյուլխանդանյանին, անձնավորություն, ով, կարծում եմ, ծնված էր դեկան լինելու համար: Լավ ֆակուլտետ էր էլեկտրատեխնիկականը, հրաշալի կազմակերպչական ձիրք ունեցող անձինքն են դուրս եկել այդ ֆակուլտետից և ղեկավարել ու ղեկավարում են հանրապետության շատ և շատ կառույցներ, արդյունաբերական օբյեկտներ:
Ինչ վերաբերում է այսօրվա ուսանողական կյանքին, ապա էապես կարևորում եմ Ուսանողական խորհրդի դերակատարությունը, որի հետ այս պահին հաստատված են այնպիսի հարաբերություններ, ինչպիսին երբևիցե մեր համալսարանում չի եղել: Ամենաբարձր մակարդակով համագործակցության վկայությունը ռեկտորի տեղակալի պաշտոնատեղի ստեղծումն էր, որը զբաղեցնում է Ուս.խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը: Իսկ ուսանողների հետ կատարվող աշխատանքներով զբաղվում է ռեկտորի օգնական, համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար, ՈւԽ ՈւԳԸ նախագահ Կարապետ Կոգարովը:
-Պարոն Մարուխյան, ավելի քան 45 տարի է զբաղվում եք ուսումնական և գիտահետազոտական գործունեությամբ, վարել եք պատասխանատու պաշտոններ, եղել եք ԱԺ պատգամավոր, ԿԳ նախարարի առաջին տեղակալ: Գիտենք նաև, որ Պոլիտեխնիկում եք 1964 թվականից: Ի՞նչպես ստացվեց, ինչո՞ւ ընտրեցիք Պոլիտեխնիկը:
-Ընտրել եմ Պոլիտեխնիկը, քանի որ հենց դպրոցական տարիներից հակված եմ եղել դեպի ինժեներական կրթություն և ընտրածս մասնագիտություն: Հաջողություններ եմ ունեցել բնագիտական առարկաներից, թեև մեծ հաջողությամբ սովորում էի նաև հումանիտար առարկաները: Այսօր ունեմ հետաքրքրությունների լայն շրջանակ, որը ուղղակիորեն առնչվում է նաև հումանիտար գիտություններին: Բայց առավել սրտամոտ է այն, ինչ ընտրել եմ և եթե հնարավորություն ունենայի, նորից նույնը կընտրեի:
Ամբողջովին պոլիտեխնիկական է ընտանիքիս. և՛ կինս, և՛ զավակներս ավարտել են Պոլիտեխնիկը: Արդեն 3-րդ սերունդն է: Այս տարի փայլուն առաջադիմությամբ Պոլիտեխնիկի ավագ դպրոցն ավարտելով և ընտրելով էլեկտրոնիկայի ոլորտը, Կիբեռնետիկայի ֆակուլտետ ընդունվեց թոռնիկս՝ Դավիթ Մարուխյանը: Կարող եմ ասել, որ գերդաստանում սա դառնում է ավանդույթ: Ճիշտ է, աղջիկս, որն ավարտել էր Էներգետիկական ֆակուլտետի տնտեսագիտական բաժինը, հետագայում իր կրթությունը շարունակեց Ամերիկյան համալսարանում, որից հետո՝ Լոնդոնի սոցիալ-քաղաքական գիտությունների հայտնի դպրոցում, բայց ինժեներական կրթությունն է նրան ընձեռել այն հնարավորությունը, որ այսօր Մեծ Բրիտանիայում, դասավանդելուց զատ, կարողանում է աշխատել նաև ինժեներության ոլորտում:
Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ հետագա գործառույթներին, ընթացել եմ այն ճանապարհով, որն այսօր անվանում են գիտակրթական ոլորտ: Նշեմ նաև, որ երբևիցե չեմ հեռացել, ընդհակառակը, խորացել եմ արտադրական գործընթացներում և հաջողել եմ տարբեր պայմանագրային աշխատանքներում՝ սկսած Երևանի, Հրազդանի ՋԷԿ-երից, Հայկական ատոմակայանից և այլն: Ունեցել եմ նաև արտասահմանյան վերապատրաստումներ մի ժամանակահատվածում, երբ դա բավականին անհասանելի էր:
Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո բաշխման պետական հանձնաժողովի, որոշմամբ ինձ պահեցին ամբիոնում գիտամանկավարժական աշխատանքի համար: Աշխատել եմ ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր: Պոլիտեխնիկի պաշտոնական սանդղակի որևէ պաշտոնատեղ չկա, որ զբաղեցրած չլինեմ: Ամբիոնի վարիչ, դեկանի տեղակալ, դեկան, ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր: Աշխատանքային գործունեության ընթացքում ընդամենը երկու անգամ եմ կարճ ժամանակով դուրս եկել Պոլտեխնիկից: Առաջին անգամ՝ որպես ԿԳ նախարարի առաջին տեղակալ, ընդ որում, կես տարի, իսկ երկրորդ անգամ՝ 2003-2006 թթ. որպես ԱԺ պատգամավոր:
Կարծում եմ, որ Պոլիտեխնիկում բոլոր տեսակի գործառույթներին քաջատեղյակ եմ` ուսումնամեթոդական աշխատանքներ, կազմակերպչական աշխատանքներ, գործուն մասնակցություն եմ ունեցել տարաբնույթ կանոնադրական-կանոնակարգային փաստաթղթերի մշակմանը: Իսկ որպես ԱԺ պատգամավոր թվով 17 օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ եմ եղել: Մասնակից եմ եղել կրթական համակարգին առնչվող մի շարք կանոնադրական և կանոնակարգային փաստաթղթերի մշակմանը հատկապես 90-ականների առաջին կեսերին:
-Պարոն Մարուխյան, 2006 – 2011 թթ եղել եք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորը: Ի՞նչ տեղի ունեցավ այդ ժամանակաշրջանում: Ի՞նչ չկար Ձեր պաշտոնավարումից առաջ, որ եղավ ձեր կառավարման տարիներին: Կպատմե՞ք այդ տարիների Պոլիտեխնիկի մասին:
-Բարեբախտաբար, 2006-ից հետո ընկած ժամանակահատվածում, բնավ իսկ չկապենք դա իմ պաշտոնավարման անցնելու ժամկետի հետ, մի շարք հետաքրքիր գործառույթներ տեղի ունեցան համալսարանում, որոնք հանգեցրին որոշակի ոլորտների գծով լաբորատորիաների և սարքերի արդիականացմանը. մասնավորապես նշենք Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, որին ծանոթանալու և ուսումնասիրելու նպատակով օրերս աշխատանքային այցով մեզ մոտ էր գտնվում ՀՀ Վարչապետը:
Կարևոր ներդրում եմ համարում «Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» ձևավորումը, գոհունակությամբ պիտի նշեմ, որ մենք ունենք սարքեր, որոնք եզակի են նաև հանրապետությունում: Ի դեպ, պետք է շնորհակալության խոսք ուղղեմ ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտին մեզ հետ համագործակցության առումով: Ուրախալի է նաև այն փաստը, որ շատ հետևողական և արդյունավետ կերպով համագործակցությունն ընթանում է արդեն 11 տարի:
-Այժմ կրկին բուհի կարևոր պատասխանատու պաշտոնն եք զբաղեցնում: Իրավաբանորեն նոր կարգավիճակով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի առաջին ռեկտորն եք: Ինչպե՞ս եք տեսնում Պոլիտեխնիկի ապագան: Ի՞նչ է փոխվել 2011-ից սկսած: Եվ ի՞նչ եք պատրաստվում փոխել Դուք:
-Բավականին լուրջ մրցապայքարի արդյունքում, ներկայացնելով իմ նախընտրական ծրագիրը՝ ընտրվել եմ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի առաջին ռեկտոր: Հայեցակարգում ներկայացրել եմ, թե, ընդհանուր առմամբ ինչպես եմ պատկերացնում հաստատության դերը բարձրագույն կրթության համակարգում, ինչպիսին եմ տեսնում այսօրվա Պոլիտեխնիկը, որոնք են Պոլիտեխնիկի ուժեղ և թույլ կողմերը և ինչ շեշտադրումներ պետք է անել Պոլիտեխնկի լավագույն ավանդույթները վերագտնելու և ամրապնդելու առումով: Ներկայացված ծրագիրն արժանացել է հավանության: Այժմ յուրաքանչյուր ստորաբաժանման հետ հանդիպումների ընթացքում ներկայացնում եմ ծրագրի բաղկացուցիչները: Ինչպես ասում են, դիալոգային պայմաններում փորձում եմ տեսնել ինչպիսին է այդ հայեցակարգի վերաբերյալ արձագանքը, ինչպես են տեսնում ֆակուլտետները դրա իրականացման ուղիները: Շատ կարևորում եմ այդ տեսանկյունից կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք մենք իրականացնում ենք: Չեմ թաքցնում, բարձրաձայնել ենք ուղղակիորեն բոլոր մակարդակներում, որ ամենայն ուշադրություն և կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն երիտասարդ կարող ուժերին ասպարեզ բերելու, որոշակի կառույցներում նրանց տեղաբաշխելու և ստեղծելու այն ռեզերվը, որը մոտակա ժամանակահատվածում պետք է փորձի իր վրա վերցնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական, գիտահետազոտական և այլ գործառույթների, գործընթացների կառավարման ծանր ու պատասխանատու առաքելությունը: Հասկանում եմ, որ ինքս էլ բավականաչափ ծանր և պատասխանատու գործ եմ ստանձնել, մանավանդ այնպիսի իրողությունների պայմաններում, երբ մենք, չէի ասի, որ ֆինանսական լավ վիճակում ենք: Բայց արդեն վերցրել եմ այդ պարտավորությունը, ուրեմն պետք է պատվով կատարեմ: Ընդհանուր առմամբ, կենսագրությանս ցանկացած փուլում, երբ դրված են եղել խնդիրներ և նշագրված եղել թիրախային կետեր, դրանց կատարման գործում հաջողել եմ և հասել նպատակներին: Ուժերիս ներածին չափ կփորձեմ նաև այս ժամանակահատվածում այդ նպատակներից գոնե երեքից չորս կարևորագույնները սկսել և իրականացնել:
-Պարոն Մարուխյան, նշեցիք Պոլիտեխնիկը նոր, երիտասարդ կադրերով համալրելու մասին: Ինչպե՞ս եք տեսնում այդ գործընթացը:
-Կարևորում եմ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական որակի բարձրացման խնդիրը: Իսկ այսօրվա կարևորագույն հիմնախնդիրներից մեկը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի միջին տարիքն է: Սերնդափոխության գործընթացը չի ընթանում այն տեմպով, ինչպես հարկն է: Գործընթացի իրականացման հիմնական աղբյուրը ասպիրանտուրան է, և որպեսզի երիտասարդ կադրերի ներհոսք ապահովենք գիտամանկավարժական ոլորտ, ապա պետք է սկսենք այստեղից: Իհարկե, կարելի է ասել, որ ասպիրանտական կրթության առումով կարող ենք թվաքանակի աճ արձանագրել, ընդ որում, աճը վերաբերում է գումարային՝ և՛ առկա, և՛ հեռակա ուսուցմանը: Սակայն չէի ասի, որ մենք լիարժեք կերպով օգտագործում ենք ասպիրանտուրա ավարտած անձանց պոտենցիալը, որոշ իմաստով, իհարկե, ոչ մեր մեղքով:
Որպես օրինակ մատնացույց անեմ իմ ղեկավարությամբ իրենց թեկնածուական ատենախոսությունը կատարած և պաշտպանած թվով 12 ասպիրանտի, որոնցից մեր ամբիոնում աշխատում են ընդամենը 3-ը: Նկատի ունեմ հիմնական աշխատող, մնացածին կարող եք տեսնել էներգետիկ ոլորտի տարբեր օբյեկտների ղեկավար կազմում: Այսինքն` մեր տված կրթությունը իսկապես բարձր մակարդակով է, բայց, միևնույն ժամանակ ցավով եմ արձանագրում, որ մենք որպես հիմնական աշխատող կորցրել ենք նրանց: Բարեբախտաբար, նրանց մի մասը մեզ մոտ դասավանդում է համատեղության կարգով: Ի դեպ, հայեցակարգի մեջ նշել եմ, որ չպետք է վատ բան տեսնել նրանում, որ մարդը ցանկանում է իր կարիերան դրսում ստեղծել: Իհարկե, բնականաբար հարց կարող է առաջանալ, թե երիտասարդությունը ինչո՞ւ մեզ մոտ չի մնում: Պատասխանը մեկն է. աշխատավարձի համապատասխան սահմանը չի բավարարում նրա այսօրվա պահանջները, և բուհի ղեկավարությունը պետք է մտածի, թե ինչպե՞ս խթանի, ինչպե՞ս շահագրգռի նրանց ներհոսքը: Տարբեր ծրագրեր կարող են լինել, մասնավորապես, երիտասարդ կադրերի բնակարանային խնդիրների լուծումը: Կարելի է այդ ուղղությամբ օգտագործել ԵՊՀ-ի փորձը:
Այս համատեքստում կարևորում ենք շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի գործունեությունը: Պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական պոտենցիալի բարձրացման տեսանկյունից կառուցվածքային փոփոխությունների և բարեփոխումների շրջանում հնարավորություն ենք ընձեռելու մեր յուրաքանչյուր դասախոսի իր ընտրության 5-ամյա փուլի ընթացքում գոնե մեկ անգամ անցնելու վերապատրաստման կամ ստաժավորման գործընթաց: Այդ ստաժավորումը չպետք է պատկերացնել միայն բուհի սահմաններում: Բարեբախտաբար, այսօր լայն հնարավորություններ կան՝ տարբեր դրամաշնորհների, տարբեր բուհերի հետ միջբուհական համագործակցության շրջանակներում ապահովելու նմանօրինակ ստաժավորում՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ:
-2012 թվականից «Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» տնօրենն եք: Ի՞նչպիսին է այդ ուղղությամբ Ձեր կողմից կատարված աշխատանքը, և ի՞նչ նոր հեռանկարներ կան:
-Փաստացի մեկ կամ երկու շաբաթ առաջ է, ինչ վայր եմ դրել լիազորություններս որպես «Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» տնօրեն: Չեմ թաքցնում, կենտրոնն ուղղակիորեն ստեղծվել է իմ նախաձեռնությամբ և անմիջական ջանքերով: Հպարտանալու շատ առիթներ կան կենտրոնի հետ կապված: Օրերս Վիենայում ստորագրվեց համաձայնագիր և Հայաստանը միացավ «Star-Med» ծրագրին, որի մասնակիցներ են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի Մոլդովայի, Վրաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք զբաղվում են միջուկային էներգետիկայի գծով մասնագետների պատրաստմամբ: Ծրագրի մեջ ներառվելով՝ մենք նոր հնարավորություն ենք ստանում՝ ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության խողովակով մասնակից դառնալու այսօրվա իրողություններին համապատասխան մակարդակով մասնագետների պատրաստման գործում:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ շուտով ականատես կլինենք մեկ այլ համալսարանի հետ նմանատիպ ծրագրի իրականացմանը: Մասնավորապես, ԱՊՀ երկրների կառավարությունների համատեղ որոշմամբ՝ «Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնը» դառնում է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի բազային կազմակերպության մասնաճյուղերից, որի կարևորագույն խնդիրներից մեկը մագիստրոսների համատեղ պատրաստումն է: Ուշագրավ ծրագիր է, որի համար նույնիսկ հատուկ բյուջե է նախատեսվում: Ռուսաստանի այդ խոշորագույն հաստատությունը, որը այսօր միջուկային էներգետիկայի բնագավառում մասնագետների պատրաստման անվիճարկելի առաջատարն է, խոշորագույն կրթագիտական հաստատություն է, ունի սեփական այնպիսի սարքավորումներ, որոնցից է, օրինակ, միջուկային ռեակտորը և այլն: Այս ոլորտում շատ կարևոր գործընթացներ ունենք իրագործելու, որոնք գովազդային կլինեն նաև դիմորդների տեսանկյունից:
-Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում: Ինչպիսի՞ հետաքրքրություններ ունեք:
-Հետաքրքրությունների գծով երկու ոլորտ ունեմ: Էներգետիկայի գծով բնապահպանության ոլորտի ստեղծողներից եմ, բայց այսօր բնապահպանությանը նայում եմ այլ տեսանկյունից, որպես քաղաքականություն, և, բնականաբար, իմ բազմաթիվ դասագրքերի և գրքերի շրջանակում ունեմ նաև մի գիրք, որին նախարարության կողմից տրվել է բուհերի համար ուսումնական ձեռնարկի կարգավիճակ: Խոսքը գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր Արմեն Հովսեփյանի հետ մեր հեղինակած «Անձի էկոլոգիական կուլտուրան» ուսումնական ձեռնարկի մասին է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այն ժամանակավրեպ է, բայց դրանում ներառված են ուշագրավ և հույժ կարևոր գաղափարներ, որոնք միշտ էլ այժմեական են: Այսօր գլոբալ տեսանկյունից էկոլոգիան դիտարկվում է մոտեցում, որ շրջակա աշխարհի նկատմամբ էկոլոգիական վերաբերմունքը կարող է սկսվել մանկապարտեզից: Դեռևս մանուկ հասակից պետք է տեղեկանանք բնապահպանության տարրական խնդիրների մասին:
Մյուս հետաքրքրությունս երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդող և հաջորդող ժամանակահատվածին վերաբերող գրականության ընթերցումն է: Մասնավորապես, ընթերցում եմ, այսպես կոչված, համագործակցող երկրների ղեկավարների հուշերը այդ օրերի մասին: Օրեր, որոնք, ցավոք, մեր հայրենիքը միավորված տեսնելու իրողությունն ի չիք դարձրեցին մի շարք գործառույթների գլոբալ համատեքստում: Նկատի ունեմ Արևմտյան Հայաստանի այն մասի վերադարձը, որը նախատեսվում էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
-Ո՞րն է Ձեր Հաջողության [ԲԱՆԱՁԵՎԸ]:
-Կարծում եմ՝ եթե մարդը երախտագիտությունը որոշակիորեն գնահատող է և արդարամիտ, ապա հաջողակ է: Մարդկային բացասական հատկանիշներից վատագույնն այն է, երբ մարդը կորցնում է երախտագիտությունը: Կորցնելով երախտագիտությունը՝ կորցնում ես ամեն ինչ: Արդարամտություն և երախտագիտություն. այս երկու առաքինություններն են, ըստ իս, ապահովում հաջողությունը: Բնական է, որ հաջողակ լինելու համար պետք է նաև որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների համատեղում, բայց, սա հաջողության այն բանաձևն է, որով առաջնորդվում եմ իմ կյանքում:
Հարցազրույցը պատրաստեցին
Ջանիկ Սևոյանը,
Լիլիթ Գրիգորյանը
Լուսանկարը՝ Էմին Բագաջյանի