Ի՞նչ քայլեր է անում բուհը՝ միջազգային հարթակում հաստատուն տեղ ունենալու համար, եվրոպական կրթական ի՞նչ ծրագրերում է ընդգրկված, ի՞նչ հնարավորություններ ունեն մեր ուսանողները կրթությունը գործընկեր համալսարաններում շարունակելու. այս և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցեցինք Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանի հետ:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գործունեության միջազգայնացումը համալսարանի առաջնահերթություններից է: Այս առումով 2015-16 ուստարին բավականին արգասաբեր է եղել: Ինչպես նշեց Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը՝ «այն արտահայտվել է երկկողմ համագործակցության նոր պայմանագրերի կնքմամբ, տարբեր դրամաշնորհային հին և նոր նախագծերի իրականացմամբ, արտասահմանյան գործուղումներով, արտասահմանյան բուհերում սովորող ուսանողների թվով և ՀԱՊՀ կատարված այցելություններով»:
Իրականացվող Tempus նախագծերը լավ հնարավորություն են ընձեռում եվրոպական գործընկերների հետ համագործակցելով՝ բարելավել մի շարք ուսումնական ծրագրեր, վերամշակել կամ ստեղծել նոր ուսումնական ձեռնարկներ, կատարելագործել դասավանդման և ուսումնառության մեթոդները: Ընդ որում՝ նախագծերի միջոցների հաշվին ձեռք բերված անհրաժեշտ սարքավորումները, պրոռեկտորի խոսքով՝ ծառայում են ոչ միայն նախագծերի կարիքներին, այլև ուրիշ խնդիրների լուծմանը:
Եվրոպական գործընկեր համալսարանների հետ ՀԱՊՀ-ն մշակել է կրկնակի դիպլոմի շնորհմամբ համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին իրենց ուսումնառության մի մասն իրականացնել եվրոպական գործընկեր բուհերում:
Ուսանողների փոխանակման հնարավորություններն ընդլայնող հետաքրքիր և հեռանկարային նախագծերից է «ԱՊՀ երկրների ցանցային համալսարան» ծրագիրը, որն իրականացվում է ՌԴ Գիտության և կրթության նախարարության և «Российский центр науки и культуры» կազմակերպության հովանավորությամբ: Ծրագիրը հնարավորություն է տալիս համատեղ մշակված և հաստատված կրթական ծրագրերով ուսանողներ փոխանակել՝ կրկնակի դիպլոմի շնորհմամբ: Այս ծրագրի շրջանակում 2015 թվականին իրականացվել են 2 մագիստրոսական կրթական ծրագրեր Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի հետ: Այն հնարավորություն է տվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 6 մագիստրանտների մեկ տարի ուսանել Մոսկվայում և, ՀԱՊՀ դիպլոմից բացի, ստանալ նաև Բաումանի համալսարանի դիպլոմ:
Պարոն Աղգաշյանը հավաստեց, որ համալսարանի լուրջ ձեռքբերումներից է Tempus RETHINK նախագիծը, որի շրջանակներում Կորունիայի համալսարանի (Իսպանիա) հետ մշակված և հաստատված, կրկնակի աստիճանաշնորհմամբ, համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերը` «Բնապահպանության տեխնոլոգիա և կառավարում» և «Շրջակա միջավայրի պաշտպանություն» մասնագիտություններով, ուսանողներին հնարավորություն են տալիս ուսումնառության մի մասն անցկացնել Կորունիայի համալսարանում և ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո ստանալ երկու համալսարանների դիպլոմներ:
Ի դեպ, համալսարանը ներգրավված է նաև եվրոպական Erasmus+ ծրագրում, որի շնորհիվ հաջողվեց մասնակից դառնալ ևս հինգ նոր նախագծերի: Նախագծերից երեքը՝ Erasmus+ KA1 երկկողմ միջհամալսարանական համագործակցության ծրագրեր են, որոնք հիմնականում ապահովում են ուսանողական և ասպիրանտական շարժունությունը՝ կրեդիտների որոշակի քանակություն վաստակելու նպատակով: «Կրեդիտային շարժունության» այս նախագծերը նախատեսում են ուսանողների, ասպիրանտների, դասախոսների շարժունություն դեպի կոնկրետ եվրոպական բուհ՝ նախապես ստորագրված երկկողմանի միջհամալսարանական համաձայնագրերի հիման վրա: Եվրոպական գործընկեր համալսարանների շարքում են՝ Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանը (Պորտուգալիա), Գրենադայի համալսարանը (Իսպանիա), Վառնայի կառավարման համալսարանը (Բուլղարիա):
Պարբերաբար կնքվում են միջհամալսարանական համագործակցության երկկողմ պայմանագրեր ու հուշագրեր, որոնք ընդլայնում են ՀԱՊՀ միջազգային գործունեության հնարավորությունները: Համագործակցության պայմանագրեր են կնքվել ՌԴ մի շարք համալսարանների, Իսպանիայի (Կորունիա), Իտալիայի (Միլան), ԱՄՆ-ի (Կլաֆլին) համալսարանների հետ:
Բազմազան է ՀԱՊՀ-ի անդամակցած միջազգային ասոցիացիաների ցանկը՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիա (EUA), Սևծովյան համալսարանների ցանց (BSUN), ԱՊՀ երկրների ցանցային համալսարան (СУ СНГ), ՌԴ Տեխնիկական համալսարանների ասոցիացիա, Մեքենաների և մեխանիզմների տեսության միջազգային ֆեդերացիա (IFTOMM), Նորվեգիայի էներգիայի շահագործողների և մատակարարների ասոցիացիա (NORSK Energy) և այլն: Համալսարանն արդեն երկար տարիներ հաջողությամբ մասնակցելով մի շարք գիտահետազոտական (INTAS, USAID, NATO Science, SCOPES, DAAD, FP, МНТЦ և այլն) ծրագրերի, անդամակցում է բազմաթիվ առաջատար արտասահմանյան բուհեր և գիտահետազոտական կենտրոններ միավորող կոնսորցիումների:
Համալսարանի ոչ ակադեմիական միջազգային գործընկերների շարքում կարելի է առանձնացնել Synopsys, National Instruments, Microsoft, Cisco, Kaspersky Lab, Autodesk, Magate, Nokia, Orange, Synergy International Systems, Chronimet Mining, Impex High Tech և մի շարք այլ առաջատար միջազգային ընկերություններ և հաստատություններ:
Պարոն Աղգաշյանի խոսքով՝ 2015թ. տարբեր ծրագրերով մեր ուսանողները (48 ) մեկնել են ուսումը շարունակելու Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Կորեա և ԵՄ երկրներ՝ Իտալիա, Գերմանիա, Չեխիա, Բուլղարիա, Իսպանիա, Պորտուգալիա, Հունգարիա, Լիտվա: