Հունվարի 23-ին ավարտվեց ՀԱՊՀ-ի 2015-2016 ուստարվա ձմեռային քննաշրջանը։ Այն առավել պատասխանատու, լարված ու հուզական էր հատկապես առաջին կուրսի ուսանողների համար։ Մեր համալսարանում գործող երկու միջանկյալներով քննակարգը հնարավորություն է տալիս ժամանակին պատրաստված և իրենց գնահատականները ապահոված ուսանողներին հանգիստ գալ քննության։ Այս կիսամյակում ևս քննությունների ընթացքը վերահսկել է ստուգայցեր իրականացնող հանձնաժողովը։ Ամբողջացնելու համար քննաշրջանի ընդհանուր պատկերը՝ դրա ընթացքի վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ զրուցեցինք ՀԱՊՀ-ի կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանի, Ընդհանուր մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Հովհաննես Խոսրովյանի, Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանի, Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ Սեյրան Ավետիսյանի հետ։ «Ինչպիսի՞ն է քննաշրջանը առաջին կուրսեցիների աչքերով» հարցին պատասխանում են 1-ին կուրսի ուսանողուհիներ Քրիստինա Ղասաբյանը (Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ՝ Ի519-2), Լիդա Գրիգորյանը (Դիզայնի ֆակուլտետ՝ ԴԳ 543) և ուսանողներ Վազգեն Գևորգյանը (Կիբեռնետիկայի ֆակուլտետ` Կ560) և Դավիթ Սահակյանը (Էներգետիկական ֆակուլտետ` Է505)։
2015/2016 ուստարվա ձմեռային քննաշրջանի առաջադիմության արդյունքները նախորդ ուստարվա նույն ժամանակի համեմատ ավելի բարձր են: Մասնավորապես, Երևանի կրթահամալիրում հունվարի 25-ի դրությամբ առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով միջին առաջադիմությունը կազմել է 71%, անցած ուսումնական տարվա նույն կիսամյակի 68%-ի դիմաց:
Կարևորում եմ ուսանողների գիտելիքների միջանկյալ և ընթացիկ ստուգումները: Միջանկյալ քննությունները հնարավորություն են տալիս ստուգել տվյալ առարկայից ուսանողի մնացորդային գիտելիքները: Ուսանողը, ով պատրաստվում և հաջողությամբ հանձնում է միջանկյալ և ընթացիկ քննությունները, առանց դժվարությունների հաղթահարում է ստուգարքները և քննաշրջանի ամփոփիչ քննությունը և, ամենակարևորը, ձեռք է բերում մնայուն գիտելիք, քանզի մնայուն է այն գիտելիքը, որը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում և ոչ 2-3 օրում:
Մեր համալսարանում գործում է Ուսանողների գիտելիքների գնահատման և բողոքարկման ընթացակարգը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող ուսանողը իրավունք ունի բողոքարկելու գիտելիքների ստուգման ցանկացած բաղադրիչից և ձևից ստացած գնահատականին համաձայն չլինելու դեպքում: Ընթացակարգի առկայության մասին ուսանողները իրազեկված են, սակայն չեմ կարող ասել, որ մեր ուսանողները օգտագործում են իրենց ընձեռած բողոքարկման հնարավորությունը, չնայած, նրանք ոչ միշտ են գոհ իրենց ստացած գնահատականից: Դրա պատճառները խորքային են և համակողմանի վերլուծություն են պահանջում: 2015/2016 ուստարվա ձմեռային քննաշրջանի ընթացքում համալսարանի ֆակուլտետներից որևէ մեկում ուսանողի կողմից ամփոփիչ քննության գնահատման արդյունքների բողոքարկման դեպք չի գրանցվել:
Ավարտին հասցնելով խոսքս՝ կասեմ, որ սա էլ մի սովորական քննաշրջան էր: Կարծում եմ, եթե կա որևէ առանձնահատկություն, ապա դա նախ և առաջ պետք է նկատելի լինի ուսանողին, իսկ մեր խնդիրն է յուրաքանչյուր տարի նախորդի համեմատ ուսումնական գործընթացը հագեցնել այնպիսի մեթոդներով և միջոցներով, որ ուսանողը գիտելիքների ավելի մեծ պաշարով և ավելի վստահ մտնի քննաշրջան:
Ի պատիվ քննաշրջանի կազմակերպիչների՝ կարելի է փաստել, որ այն բավականին կազմակերպված է ընթացել և լուրջ թերություններ չեն գրանցվել: Թերևս որպես թերություն կարելի է նշել որոշ առարկաների ամփոփիչ քննության տոմսերում ընդգրկված հարցերի գնահատման միավորների բացակայությունը: Քննաշրջանի պատշաճ կազմակերպման հանգամանքը հաստատել են նաև առանձին ուսանողներ՝ մեր ստուգայցերի ընթացքում:
Համալսարանի տարբեր ֆակուլտետներում առաջադիմության տարբեր ցուցանիշներ ունենք: Այդ պայմանավորված է նրանով, որ տարբեր մասնագիտությունների համար «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման և մնացորդային գիտելիքների ստուգման տարբեր մոտեցումներ են մշակված: Այն խմբերը, որոնց համար «Ինֆորմատիկա» առարկան նեղ մասնագիտական չէ, միջանկյալ ստուգումներն անց ենք կացնում թեստերով, իսկ ամփոփիչ քննություններն` ավելի պարզ քննատոմսերով։ Այդ խմբերում ունենք համեմատաբար բարձր առաջադիմություն: Ընդհանուր առմամբ ինչպես Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, այնպես էլ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետներում ուսանողների առաջադիմությունն «Ինֆորմատիկայից» ցածր է: Պատճառներից մեկը, ըստ իս, զինակոչի ենթակա ուսանողների բավականին մեծ քանակն է։ Կարելի է այդ ուսանողների համար ուսումնառության նոր մոտեցումներ մշակել, իսկ բանակից զորացրվածների համար էլ լրացուցիչ դասընթացներ կազմակերպել: Մյուս պատճառը այդ ֆակուլտետների ուսանողներին, որպես մասնագիտական առարկայի, ներկայացվող առավել բարձր պահանջներն են: Չնայած դրան, ուրախությամբ կարող եմ նշել, որ մեծացել է «գերազանց» գնահատական ստացող ուսանողների թիվը: Պետք է նշեմ, որ ամբիոնում արդեն տարիներ ի վեր ևս մի գործառույթ է կիրառվում. միջանկյալ ստուգումներից հետո ուսանողին հնարավորություն է տրվում դասախոսի հետ վերլուծել գրավոր աշխատանքը, տեսնել ու հասկանալ կատարած սխալները։
Ցավոք, որոշ ֆակուլտետներում ներկայումս առաջին կուրսեցիների որոշ մասը մինիմալ միավորներով է ընդունվում, որը հիմնականում ճիշտ է արտացոլում նրանց սովորելու պոտենցիալ ունակությունը: Սակայն խելացի և ձգտող ուսանողների հանդեպ աններելի սխալ կգործենք, եթե հանուն առաջադիմության բարձր ցուցանիշի գնայինք մասնագիտական հանդիսացող առարկայի ուսուցման մակարդակի և գիտելիքների ստուգման նորմերի իջեցման ճանապարհով: Կարծում եմ, անհրաժեշտ է ֆակուլտետների և համապատասխան կառույցների հետ համատեղ գործուն ուղիներ մշակել:
Խնդիր ունենք քոլեջներից 2-րդ կուրս տեղափոխված ուսանողների հետ, քանի որ նրանց մեծ մասը ծրագրավորում գրեթե չգիտեն: Եթե լրացուցիչ դասընթացներ կազմակերպվեն նման ուսանողների համար` գուցե վիճակը որոշ չափով շտկվի։
Մեր ամբիոնը, լինելով համալսարանի ամենամեծ ամբիոններից մեկը, պրոյեկտորով կահավորված լսարան չունի, լաբորատորիաներում առկա համակարգիչները հիմնականում ֆիզիկապես և բարոյապես մաշված են, վերջին անգամ նոր համակարգիչ ստացել ենք 5 տարի առաջ: Իհարկե դժվարություններ շատ կան, բայց ամբիոնն աշխատում է նվիրումով, և բարձր առաջադիմությամբ ուսանողների օրեցօր աճող քանակը դրա խոսուն արդյունքն է:
Քննաշրջանի ընթացքում ուսանողների առաջադիմությունը «Ֆիզիկա» առարկայից ավելի բարձր կլիներ, եթե ուսումնական ծրագիրը արհեստականորեն խտացված չլիներ։ 3 կիսամյակի ծրագիրը մատուցվում է 2 կիսամյակի ընթացքում, ինչը դժվարացնում է թե առարկայի մատուցումը և թե ընկալումը ուսանողների կողմից։ Երկրորդ խնդիրն այն է, որ դասախոսի բեռնվածքը կազմվում է ընդհանուր դասացուցակի հիման վրա։ Ստացվում է այնպես, որ դասավանդող դասախոսների թիվը ավելանում է, և դասախոսների մատուցման եղանակների տարբերության արդյունքում դժվարանում է նյութի յուրացումը։ Ցանկալի է, որ լինի սերտ համագործակցություն ամբիոնների միջև, որպեսզի խուսափենք թեմաների կրկնություններից։
Քննաշրջանում ինձ համար անհանգստացնող են բանակային ուսանողների հետ կապված որոշ խնդիրներ։ Դրանք առաջանում են բանակ շտապող ուսանողների մոտ, ովքեր ստիպված ձգտում են նվազագույն գնահատականի։ Սա բնական երևույթ է, ժամանակի մեջ չեն տեղավորվում։ Այս քննաշրջանում «Մաթեմատիկա» առարկայից գրանցվել է առաջադիմության աճ։ Այսօրվա ուսանողը ավելի նպատակասլաց է, ձգտում է հասնել ավելիին՝ ունենալ բարձր գնահատականներ և պատշաճ գիտելիքներ, ինչը շատ ողջունելի է։ Մենք անում ենք առավելագույնը, որպեսզի ուսանողը ստանա շատ գիտելիք և միշտ շահողի կարգավիճակում լինի։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է պատշաճ մակարդակով։ Միակ դժվարությունն այն է, որ 3 կիսամյակի ուսումնական ծրագիրը անցնում ենք 2 կիսամյակում։ Կան թեմաներ, որոնք դուրս են մնում ծրագրից, սակայն դա բացասաբար չի անդրադառնում ուսանողի ընդհանուր գիտելիքների մակարդակի վրա։
Քննաշրջանը ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ։ Առաջինը «Գծագրություն» առարկայի քննությունն էր։ Կար լարվածություն և որոշակի վախ, սակայն ամեն ինչ լավ անցավ, և բոլորս ստացանք մեր գիտելիքներին համապատասխան գնահատականներ։ Ամենակարևորն այն է, որ ընդհանուր լարվածություն չկար, հմուտ դասախոսները բարյացակամ էին մեր նկատմամբ։ Մեզ համար դժվարություն է անվճար տեղը պահպանելը և դրանից առաջանում է լրացուցիչ լարվածություն ու մտահոգություն։ Ցանկալի կլիներ, որ կրթաթոշակի գումարի չափը ավելացնեին։ Որակյալ ուսում ստանալու համար մեզ անհրաժեշտ են շատ նյութեր և գործիքներ, որոնք ձեռք բերելու համար մեր ստացած թոշակը չի բավարարում։ Մասնագիտության ընտրությունը կատարել եմ մասամբ ծնողներիս, մասամբ էլ իմ նախասիրությունների համաձայն։ Սակայն հետագա աշխատանքային իմ կարիերան դեռ մշուշոտ եմ պատկերացնում։ Կարծում եմ՝ հետագա ուսումնառության ընթացքում ամեն ինչ ավելի պարզ կդառնա, և ես կգտնեմ իմ տեղը կյանքում։
«Ֆիզիկա» առարկայի քննությունը հանձնելուց շատ հուզվեցի։ Այդ պատճառով գնահատականս սպասվածից ցածր եղավ, սակայն մնացած առարկաների քննություններից բարձր գնահատականներ ստացա։ Ընդհանուր առմամբ «Ֆիզիկա» առարկայի ուսումնական ծրագիրը շատ խիտ է ու դժվար է յուրացվում առարկան։ Դասախոսները պահանջում են շատ, ինչի արդյունքում ավելի զգոն ենք լինում, չենք թուլանում և շատ գիտելիքներ ենք ձեռք բերում։ Ուրախ եմ, որ դասախոսները ամեն կերպ աջակցում են գիտելիքների ձեռք բերման հարցում, և հաճախ նրանց դժգոհություններն էլ տեղին են և օգտակար մեզ համար։ Իմ կարծիքով՝ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում առարկաները ավելի բարդ են, սակայն սիրով հաղթահարում եմ։ Ձգտում եմ բարձր գնահատականներ ստանալ, որը նաև կօգնի ուսման վարձի զեղչ ստանալ կամ անվճար համակարգ տեղափոխվել։ Իհարկե իմ նպատակը հարուստ գիտելիքներ ձեռք բերելը և որակյալ ու պահանջված մասնագետ դառնալն է։
Կարծում եմ՝ միջանկյալները ամփոփիչ քննությանը հավասար կարևորություն ունեն։ Դրանք մոտիվացնում են ուսանողներին քրտնաջան աշխատել հենց տարվա սկզբից և ժամանակի լայն հատվածում ձեռք բերել հիմնարար, կայուն գիտելիքներ։ Միջանկյալ քննությունները հնարավորություն են տալիս հասնել լավ արդյունքի և ամփոփիչ քննությանը արդեն լավ պատրաստված գնալ։ Կարծում եմ, որ կարելի է փոխել տոմսերի ձևաչափը՝ ավելացնելով հարցերի քանակը և ներգրավելով ինչպես պարզ, այնպես էլ բարդ հարցեր, որպեսզի թույլ ուսանողը կարողանա ապահովել իր գնահատականը, իսկ ուժեղը՝ բարդ հարցերի շնորհիվ ստանա «գերազանց» գնահատական։
Դասախոսները աջակցում էին ամեն կերպ, որպեսզի պատշաճ մակարդակով կարողանանք պատրաստվել քննություններին։ Ցանկալի կլինի, որպեսզի միջանկյալների միջև ժամանակային միջակայքերը ավելի մեծ լինեն, որպեսզի սթրեսները քիչ լինեն։ Քննությունների ընթացքից ու արդյունքներից հիմնականում գոհ եմ։ Սակայն կարող էի ավելին անել։ Սա, իհարկե, իմ բացթողումն է, և ոչ ոք չի տուժում դասախոսի պատճառով։ Միջանկյալ քննությունները անհրաժեշտ են ուսանողին, որպեսզի նա տեմպի մեջ լինի, այլապես՝ կթուլանա կիսամյակի ընթացքում և կլարվի միայն քննություններից մի քանի օր առաջ։ Իսկ մի քանի օրվա ընթացքում խիստ դժվար կլինի շատ գիտելիքների ձեռք բերումը։ Սա, իհարկե, բացասաբար կանդրադառնա քննության արդյունքների վրա։