ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի կրթական գործընթացը, ի թիվս ուսումնական ու մարզական հետաքրքիր միջոցառումների, հագեցած է նաև գրական-երաժշտական ցերեկույթներով: Ավագ դպրոցն ապրում է բովանդակալից առօրյայով, ինչի վառ վկայությունն են իրար հաջորդող յուրօրինակ ու գեղեցիկ միջոցառումները: Հերթական ցերեկույթի մասնակիցները դպրոցի ֆիզմաթ. հոսքի Xա դասարանի աշակերտներն էին: Ծրագրային նյութերից մեկը` «Արտաշես և Սաթենիկ» վիպերգը, որի հիմքում ընկած է հարսանեկան ծեսը, անչափ ոգևորել էր աշակերտներին, և նրանք ցանկություն հայտնեցին բեմականացնելու այն: Վիպերգի սյուժեին զուգընթաց աշակերտները ներկայացնելու էին և՛ ավանդական, և՛ մերօրյա հարսանիքը: Որոշեցինք միջոցառումն իրականացնել նոյեմբերի 16-ին:
Եղան կամավորներ, ովքեր իրենց մասնակցությունն էին առաջարկում միջոցառմանը: Դպրոցի փոխտնօրեն Աիդա Ռեհանյանը մեծ սիրով մեզ տրամադրեց ժողովրդական երգեր, ֆիզիկայի ուսուցիչ Արմենակ Եղիազարյանը նվիրեց իր «Հարսիկ» բանաստեղծությունը, աշխատակից Նվեր Արամյանը ցանկություն հայտնեց ակորդեոնով նվագակցելու աշակերտներին, 11-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկը առաջարկեց իր պարային համարը: Միջոցառումից տեղյակ ամեն ոք իր օգնությունն էր առաջարկում:
Միջոցառման օրը աշակերտները շատ ոգևորված էին։ Հայկական դհոլի խրոխտ ձայնը, ավանդական շուրջպարը, ծանոթ երգերի անուշ մեղեդիները դահլիճը ողողում էին ուրախ տրամադրությամբ: Հանդիսատեսին կենսուրախություն էին պարգևում ավանդական երգն ու պարը, հատկապես ժողովրդական ասացվածքները: Գրական երաժշտական հանդեսին ներկա էր ՀԱՊՀ-ի կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը։ Դպրոցի տնօրեն Արման Առաքելյանն իր ելույթում կարևորեց ցերեկույթի ճանաչողական նշանակությունը` հորդորելով հավատարիմ մնալ ազգային գեղեցիկ ավանդույթներին: Միջոցառումը եզրափակվեց աղջիկների ձեռքով պատրաստված տարոսիկների նվիրումով, որոնց կցված էին գրավոր բարեմաղթանքներ: Տա՛ Աստված, որ բոլոր մաղթանքներն իրականան, և ուրախ առիթները չսահմանափակվեն միայն միջոցառումներով:
ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ
ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի
հումանիտար առարկաների
մեթոդմիավորման
նախագահ