Նոյեմբերի 19-ին և 20-ին ՀԱՊՀ-ի Մեծ դահլիճում անցկացվեց Հայ ավանդական երգի պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված էր հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի 110 ամյակին: Մասնակցում էին հայ ավանդական երգի-պարի նվիրյալները՝ «Կարին», «Ծովակ» (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան), «Ակունք» (գեղարվեստական ղեկավար` Սարգիս Ալավերդյան), «Վան» (Անդրանիկ Հովհաննիսյան), «Սասնա ծռեր» (Հովհաննես Մկրտչյան), «Տարոնցիներ» (Կարեն Չադիրյան), «Վերադարձ» (Ալեքսանդր Ավետիսյան), «Գորանի» (Զավեն Թագակչյան), «Սասուն» (Անդրանիկ սարկավագ Մանուկյան), «Խութ» (Աստղիկ Ենգիբարյան,Արմավիրի մարզ, գյուղ Նալբանդյան), «Նուբար» (Լուսինե Նազարյան), «Ոստան» (Գայանե Բադալյան), «Տավրոս» (Լյուդվիգ Պողոսյան, Մասիս) խմբերը:
Ներկաները հոտնկայս հարգեցին փառատոնի ժյուրիի անդամ Կարինե Խուդաբախշյանի հիշատակը:
Ապա «Նուբար» հայ ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Լուսինե Նազարյանն ավետեց փառատոնի սկիզբը: Հնչեց զուռնան, ու դահլիճը թնդաց «Ակունք» ազգագրական համույթի խրոխտ պարից. իզուր չէ, որ բացման պատիվը հենց նրանց տրվեց, չէ՞ որ համույթի ակունքներում պոլիտեխնիկցիներն են: Այնուհետև տոնը ծավալվեց, շիկացավ՝ իր մեջ առնելով նաև դահլիճը:
Առաջին անգամ բեմում էր «Ծովակ» մանկապատանեկան համույթը, որը ղեկավարում է Գագիկ Գինոսյանը: Փոքրիկները կատարեցին հայրենասիրական երգեր:
Ազատամարտը շարունակվում է՝ Գագիկ Գինոսյանի կրակոտ, վարակիչ, սխրանքի մղող հերոսապատում մենապարով: Դահլիճում կարծես թևածում էր հաղթանակի ոգին:
Առաջին օրը եզրափակեց Պոլիտեխնիկի հնաբնակներից՝ «Վան» համույթը:
Պակաս հետաքրքիր չէր նաև երկրորդ օրը, մանավանդ այն առանձնահատուկ էր մանուկների և մարզերից ժամանած խմբերի մասնակցությամբ:
«Յարխուշտայի» կրակոտ հնչյուններով «Սասուն»-ցիները ոտքի հանեցին դահլիճը։ Պարում էին բոլորը, անգամ՝ իրենց ելույթին սպասող մասնակիցները:
Մեզ հետ զրույցում Լուսինե Նազարյանը նշեց. «Ամեն տարի գալիս ենք փառատոնի՝ որպես հոգու պարտք: Սա այն կարևորագույն միջոցառումներից է, որ կարող է լինել ազգային ավանդական երգուպար մատուցող խմբերի համար»:
Փառատոնի կայացման գործում մեծ է «ՀԱՊՀ-Մշակույթի կենտրոնի» ղեկավար Արկադի Դուրինյանի դերը, ով ամեն տարի նախանձախնդրորեն իրականացնում է ավանդական փառատոնը` վառ պահելով պոլիտեխնիկական ավանդույթները: