Հայաստանի ազգային պոլիեխնիկական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպահական ճարտարագիտության ֆակուլտետի Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնը հաճախակի է կազմակերպում սեմինարներ։ Դրանք ընդգրկում են բազմաբնույթ և բազմազան հարցեր։ Այս տարի կազմակերպված սեմինարների շարքում նոյեմբերի 13-ի սեմինարը թվով երրորդն էր։ Սեմինարի հյուրն էր սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։
Բացման խոսքում Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Գագիկ Թորոսյանը ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին՝ որպես գիտնականի և հետազոտողի, ով հայտնի է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև արտերկրում։ Ի դեպ՝ նշենք, որ սեմինարի դասախոսը սկզբնական բարձրագույն կրթությունը ստացել է Պոլիտեխնիկի Քիմիատեխնոլոգիական ֆակուլտետում:
Ահարոն Ադիբեկյանը դասախոսության ընթացքում անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության հիմնահարցերից գլխավորին՝ մասնագիտության ընտրության առանձնահատկություններին։ Այս հարցի հետ կապված նա խոսեց «Սխալների տեսության», ծավալային և գծային մտածողությունների, դպրոցների և բուհերի վերակառուցման անհրաժեշտության մասին, ինչպես նաև մատնանշեց մասնագիտական կողմնորոշման հարցում հաջողության հասնելու ճիշտ ճանապարհը։ Նա ներկայացրեց մեր պոստմոդեռն դարաշրջանը, որտեղ խիստ կարևորվում է մտավոր կարողությունների (IQ) մակարդակը։
Ահարոն Ադիբեկյանի դասախոսությունը լսվեց մեծ հետաքրքրությամբ, եղան նաև մի շարք հարցեր, որոնք ստացան իրենց պատասխանները։