Նորվեգական արտաքին գործերի նախարարության «Եվրասիա» հիմնադրամի CPEA-2012/10097 ծրագրի շրջանակներում 2012 թվականից սկսվել է համագործակցություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի «Քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի հետ: Համագործակցությունն ավարտվեց 2015 թ. դեկտեմբերի 1-ին: Այդ կապակցությամբ նոյեմբերի 26-ին և 27-ին «Քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնը կազմակերպել էր սեմինարներ, որտեղ ամփոփվեցին համագործակցության արդյունքները: Ըստ այդմ` «Շրջակա միջավայրի օրգանական անալիտիկ քիմիա» առարկայի գծով հայկական բուհերի համար ասպիրանտական ուսուցման ծրագրեր են կազմել ՔՏ ամբիոնի վարիչ, ք.գ.դ. պրոֆեսոր Գ. Թորոսյանը, նույն ամբիոնի դոցենտներ, ք.գ.թ. Հ. Քոչարյանը և տ.գ.թ. Ա.Իսակովը: Ք.գ.դ., պրոֆ. Գ. Թորոսյանի առաջարկած մեկ այլ ուսումնական ծրագիրը կրում է «Շրջակա միջավայրի օրգանական քիմիա» խորագիրը:
Երկար չթվարկելով աշխատանքները` նշենք, որ դրանց մասնակցել, սեմինարներն անցկացրել և ուսումնական ծրագրերի հեղինակներ են ՔՏ ամբիոնի դոցենտներ, ք.գ.թ. Ա.Գալոյանը և ք.գ.թ. Ն. Հովհաննիսյանը, տեխ. գիտ. թեկնածուներ, Մ. Պետրոսյանը, Ռ. Ավետյանը և Ա. Ամյանը, ինչպես նաև ամբիոնի լաբորանտ, տ.գ.թ. Ն. Ավագյանը և լաբորանտ Ի. Հովհաննիսյանը: Նրանք ունկնդիրներին համառոտակի ներկայացրին իրենց աշխատանքները, ինչպես նաև համապատասխան ուսումնական ծրագրերը ասպիրանտական ուսուցման համար, որը կիրառելի է նաև մագիստրոսների համար:
Ներկայացվել են հետևյալ ծրագրերը` «Հետազոտման ֆիզիկական մեթոդներ», «Շրջակա միջավայրի օրգանական քիմիա», «Ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրամետրիա», «Անալիզի կուլոնամետրական մեթոդը», «Միջուկամագնիսական ռեզոնանսային սպեկտրամետրիա», «ՄԱՍՍ- սպեկտրամետրիա» և «Դատական քիմիա»:
Սեմինարին մասնակցում էին երևանյան այլ բուհերի ներկայացուցիչներ (ԵՊՀ, ԵՊԲՀ, ՀՊՄՀ, ՀՀ ԳԱԱ հետազոտական ինստիտուտներ), որոնք ներկա են եղել բոլոր սեմինար պարապմունքներին: Սեմինարին համալսարանից մասնակցում էին, աշխատանքներին մշտապես աջակցող և մասնակից ՀԱՊՀ-ի գիտամանկավարժական կադրերի բաժնի պետ, տ.գ.թ. Մարգարիտա Գրիգորյանը, ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա.Թադևոսյանն ու փոխդեկան, դոցենտ Գ.Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 27-ի եզրափակիչ նիստում ծրագրի հայկական կողմի ղեկավար Գ. Թորոսյանը ներկայացրեց ծրագրի սեմինարավարներին՝ Օսլոյի, ԵՊՀ-ի (վերջիններս ներկա էին եզրափակիչ սեմինարին) և Ս. Պետերբուրգի, Պիզայի ու Բրատիսլավայի համալսարանների հրավիրյալ դասախոս – սեմինարավարներին, որոնց տրվելու են հավաստագրեր: Նշենք, որ հավաստագրերը պատրաստ կլինեն հանձնման երկու համալսարանների ռեկտորների ստորագրությունից հետո:
Ներկայացվեց նաև սեմինարին ակտիվ մասնակցություն ունեցած ուսանողների ցուցակը՝ ՀԱՊՀ-ից, ԵՊՀ-ից, ԵՊԲՀ-ից, ՀՊՄՀ-ից: Նրանց կհանձնվեն հավաստագրեր։
Ընթերցվեց նորվեգական կողմի ողջույնի նամակը ծրագրի հաջող ավարտման կապակցությամբ, որտեղ շնորհակալություն էր հայտնվում ծրագրի հայկական կողմի ղեկավար Գ.Թորոսյանին` ծրագիրը գովազդելու, ծրագրի գիտաուսումնական մասի կապակցությամբ Մարոկկոյում, Իրանում, ՌԴ-ում, Բուլղարիայում, իսկ նոյեմբերի 29-ից նաև Շրի Լանկայում կայացած և կայանալիք բնապահպանության և բնապահպանական ճարտարագիտության գիտաուսումնական խնդիրներին նվիրված միջազգային համագումարին և գիտաժողովներին մասնակցելու համար: Նշվեց, որ ծրագրի հենքի վրա Երևանում կազմակերպվել են նաև 3 միջազգային գիտաժողովներ, որոնք մշտապես ֆինանսավորել է ՀԱՊԿ-ի երևանյան ինստիտուտը, մասնակցել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի Հանրապետության Երիտասարդական հիմնադրամը, Գեղարքունիքի մարզպետարանը (միայն 2011-ին), «Սևան ազգային պարկ» հ/կ-ն, իսկ արդեն երկրորդ անգամ ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության Գիտպետկոմը։
Հնչեց նաև նորվեգական կողմի առաջարկությունը նոր, համատեղ ծրագրի իրականացման վերաբերյալ 2016-2018թթ., այս անգամ նաև Կիևի համալսարանի մասնակցությամբ:
Գագիկ Թորոսյանն առաջարկեց համալսարանի ղեկավարության անունից շնորհակալական նամակ ուղարկել պրոֆեսոր Ռ.Կալլենբորնին: Նա հիշատակեց մեծն նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենի դերը հայ ժողովրդի ժամանակակից պատմության (20-րդ դարի 20-ականներ) մեջ: Այս հենքի վրա Գ. Թորոսյանն առաջարկեց դիմել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությանը վերոնշյալ դրամաշնորհի շնորհիվ ստեղծած հետազոտական և դիդակտիկ ժամանակակից կաբինետ-լաբորատորիաները կոչել՝ «Հայ-նորվեգական բարեկամություն» անվամբ:
Առաջարկությունը պաշտպանվեց ներկաների կողմից և որոշվեց խնդրանքով դիմել համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանին ու նրա միջոցով` համալսարանի համապատասխան խորհուրդներին: Սեմինարի ավարտին մասնակիցները հրավիրվեցին համերգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: