Նոյեմբերի 24-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 1-ին մասնաշենքի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի հերթական սեմինարը։ Այն կրում էր «Սննդամթերքի անվտանգություն և հիգիենիկ նախագծում» խորագիրը։
Սեմինարը բացեց Սննդային գիտությունների և տեխնոլոգիաների հայկական ընկերության նախագահ Կարինե Գրիգորյանը, ով հակիրճ ներկայացրեց ընկերությունը, ինչպես նաև ՀԱՊՀ-ընկերություն համագործակցությունը։ Նա ներկաներին ծանոթացրեց հյուրերի՝ «Գլոբալ ներդաշնակեցման նախաձեռնություն» (Հոլանդիա) կազմակերպության նախագահ, դոկտոր Հ. Լիլայվլդի և Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Վ. Անդերսենի հետ։
Դոկտոր Հ.Լիլայվլդը զեկուցեց «Սննդի անվտանգության կանոնակարգման հիմունքները» թեմայով։ Զեկուցման մեջ նա մանրամասնորեն ներկայացրեց սննդի անվտանգության հետ կապված մի շարք հարցեր՝ գործարանի նախագծումից սկսած մինչև արտադրության կազմակերպում և արտադրանքի թողարկում։ Այնուհետև «Ախտածին մանրէների կայունությունը ախտահանիչ միջոցների հանդեպ» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ պրոֆեսոր Վ. Անդերսենը։
Սեմինարը ոչ միայն արդիական և հետաքրքիր էր, այլև անհրաժեշտ ՔՏ և ԲՃ ֆակուլտետի «Սննդամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ ուսանողների համար։ Ի դեպ, այն նույն թեմատիկայով անցկացված երկրորդ սեմինարն էր։