Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետում նոյեմբերի 20-ին կայացավ հայ-ֆրանսիական գիտական համագործակցության՝ չորրորդ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։
Դեռևս 2004 թվականին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Ռեննի Կիրառական գիտությունների ազգային համալսարանի (INSA) միջև կնքվել էր միջբուհական պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով, որի համաձայն մեր բուհի ասպիրանտների համար հնարավորություն է ստեղծվում ատենախոսության պաշտպանության արդյունքում՝ միաժամանակ ստանալ տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան (Հայաստան) և Ֆրանսիայի դոկտորի գիտական աստիճան։ Պայմանագիրը թարմացվել է 2009 թվականին։
Ըստ գործող միջբուհական պայմանագրի՝ արդեն թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել՝ Ս. Ղազարյանը, Ս. Սարգսյանը (գիտական ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Մ. Հարությունյան), Ն.Մախսուդյան (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Ռ. Ջավախյան)։
Պաշտպանությունն անցկացվում է մեր բուհում՝ օնլայն տարբերակով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգով։
4-րդ ասպիրանտի՝ Մանուկ Մկրտչյանի գիտական թեման է՝ «Առաձգական հոդակապերով և պյեզոէլեկտրական ու պոլիմերմետաղական շարժաբերներով միկրոմանիպուլյատորների հետազոտում և նախագծում» (գիտական ղեկավար՝ ֆիզմաթ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ավետիսյան)։
Պաշտպանությունն անցավ պատշաճ մակարդակով և միջազգային հանձնաժողովի կողմից որոշում ընդունվեց Մանուկ Մկըրտչյանին շնորհել տեխնիկական գիտությունների թեկնածուի և Ֆրանսիայի դոկտորի գիտական աստիճան։