Հունիսի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ներառված էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը: Հայտ էր ներկայացրել երկու թեկնածու՝ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը և տ.գ.թ, պրոֆեսոր, 2006-2011թթ. ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Այնուհետև երկու թեկնածուներն էլ ներկայացրեցին «ՀԱՊՀ զարգացման ծրագիրը», հակիրճ խոսեցին այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են բուհի զարգացմանը:
Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում 19-12 ձայների հարաբերակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվեց Ոստանիկ Զավենի Մարուխյանը:
Հունիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը ռեկտորատի անդամներին ներկայացրեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նորընտիր ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:
Նախարարն իր և նախարարության անունից շնորհակալություն հայտնեց Հովհաննես Թոքմաջյանին արգասաբեր աշխատանքի համար։ Ներկայացնելով Ոստանիկ Մարուխյանին՝ նա հորդորեց, բուհի լավագույն ավանդույթներին հավատարիմ, շարունակել Պոլիտեխնիկի ռազմավարությունը: Ակնկալելով կուռ և միասնական աշխատանք հետագայում՝ նախարարը խոստացավ շարունակել իր մշտական աջակցությունը համալսարանին: Սամվել Նիկոյանը նույնպես շնորհավորեց Ոստանիկ Մարուխյանին՝ ցանկանալով բեղմնավոր աշխատանք։ Դիմելով Ռեկտորատի անդամներին՝ Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն հայտնեց պոլիտեխնիկցիներին համատեղ աշխատանքի համար. «Ինձ համար միշտ առաջնային է մարդը, ուստի մարդկային շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի գործընկերներին` մեկ տարվա ընթացքում ի շահ Պոլիտեխնիկի և նրա ուսանողների կատարած համատեղ աշխատանքի համար»:
Պարոն Մարուխյանը նշեց, որ իր համար մեծ պատասխանատվություն է այս բարձր պաշտոնում աշխատելը` խոստանալով բազմապատկել Պոլիտեխնիկի ձեռքբերումներն ու հաջողությունները։
Հավելենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհրդի իրավասություններն են աշխատակարգի հաստատումը, ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը, ՀԱՊՀ-ի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի, կառուցվածքի, հաստիքացուցակի հաստատումը, ՀԱՊՀ-ի եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը և այլն: Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 32 հոգուց և ձևավորվում է ՀԱՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների (ուuանողներ և աuպիրանտներ), հիմնադրի (ՀՀ Կառավարություն) և լիազոր մարմնի (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) ներկայացուցիչներից, որոնցից յուրաքանչյուրը կազմում է խորհրդի 25%-ը: Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա Հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է ՀՀ վարչապետը:
Նշենք, որ ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը տեղի է ունեցել մայիսի 5-ին, գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որի ժամանակ խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, իսկ քարտուղար՝ ՀԱՊՀ-ի ասպիրանտ Կարապետ Կոգարովը: