Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցն այս տարի նշում է իր հիսնամյակը: Հոբելյանական միջոցառումների շարքը մեկնարկել է մեկ ամիս առաջ: Նոյեմբերի 23-ին դպրոցի դահլիճում հերթական հանդիսությունն էր: Հոբելյանի առթիվ շնորհավորելու էին եկել՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀԱՊՀ-ի ռեկտորի տեղակալ, ՈւԽ-ի նախագահ Գոռ Վարդանյանը, ուսումնական հաստատությունների ղեկավարներ: Դպրոցի հիսնամյա ուղու մասին պատմող տեսաֆիլմից և տնօրենի ողջույնից հետո տեսակապով շնորհավորական ուղերձներ հղեցին դպրոցի նախկին սաները, ովքեր ուսումը շարունակում են արտասահմանյան լավագույն բուհերում: Հոբելյանի առթիվ շնորհավորեցին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, դպրոցի նախկին սաներ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀԱՊՀ-ի ռեկտորի տեղակալ, ՈւԽ-ի նախագահ Գոռ Վարդանյանը: «Խնդիրների և փորձությունների հորձանուտում մեզ հարկավոր են հենման կետեր: Ֆիզմաթ դպրոցը հենց այդ հենման կետն է, առանց վարանելու՝ հանրապետության լավագույն դպրոցը»,- իր ելույթում ընդգծեց ԿԳ նախարարը: Նա վարչապետի հուշամեդալով, ԿԳ Ոսկե մեդալով և պատվոգրերով պարգևատրեց տնօրեն Հայկազն Նավասարդյանին, մանկավարժների և աշխատակիցների: Ֆիզմաթ դպրոցի նախկին սան, ՀԱՊՀ-ի ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը համալսարանի անունից շնորհավորեց հոբելյանի առթիվ, ապա երախտագիտության խոսք ուղղեց հարազատ դպրոցին՝ նշելով. «Այն ինձ տվել է ոչ միայն գիտելիքներ, այլև կրթել որպես մարդ, ինչն օգնել է ինձ ավելի հեշտությամբ անցնել դեպի կայացում տանող ճանապարհը»: Ապա Գ.Վարդանյանը Պոլիտեխնիկի անունից դպրոցին պարգևատրեց Ոսկե հուշամեդալով, իսկ ինֆորմատիկայի ուսուցչուհիներ Հասմիկ Ռոստոմյանին և Մարինա Հարությունովային՝ վաստակագրերով: Մեդալներ, պատվոգրեր և հուշանվերներ հանձնեցին նաև ԵՊՀ-ի, ԵՊՄՀ-ի, ՀՌՀ-ի պրոռեկտորները, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը, «Քվանտ», «Ֆոտոն», «Էվրիկա» վարժարանների տնօրենները: