Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 17-ին, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, պարգևատրել է Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների և երիտասարդական կառույցների ղեկավարների։ Պատվոգրով պարգևատրվածների թվում է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը:
Երիտասարդները պարգևատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներով և շնորհակալագրերով, ինչպես նաև Ազգային ժողովի պատվոգրերով:
Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի գործունեությունը, նրան պարգևատրել է Ազգային ժողովի Պատվո մեդալով:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը նշել է. «Պետության զարկերակը երիտասարդներն են, նրանք են երկրի շարժիչ ուժը: Ապագան ձերն է. դուք պետք է կարողանաք նորովի դիտարկել ձեր դերը պետության կայացման գործում: Ձեզ ժառանգաբար փոխանցված Անկախության դրոշակակիրը պիտի դառնաք: Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում են երիտասարդությանն առնչվող հարցերը, և ձեզ վերաբերող լուրջ ծրագրեր են իրականացվում երկրում: Անցնելով փորձությունների ճանապարհով՝ հայ երիտասարդները հաջողությունների են հասնում կրթության, գիտության ոլորտներում՝ միաժամանակ սրբորեն պաշտպանելով երկրի սահմանները, ծառայելով Հայոց բանակում»:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի կազմը, «Պոլիտեխնիկ» թերթի աշխատակազմը շնորհավորում է Գոռ Վարդանյանին` մաղթելով նորանոր հաջողություններ:
ՈւԽ-ի մամուլի եվ
լրատվության հանձնաժողով