Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նոյեմբերի 30-ին մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր-2015» մարզամշակութային, ինտելեկտուալ ներբուհական ամենամյա մրցույթ - փառատոնը: Այն կազմակերպվել է Ուսխորհրդի 21 ամյակի միջոցառումների շրջանակում: «Պոլիտեխնիկական խաղեր»-ի խորհրդանիշը դեպի բարձունքը ձգտող երիտասարդն է, որը նմանեցված է «Պ» տառին` խորհրդանշելով Պոլիտեխնիկը և Ուսանողական խորհուրդը: Մրցույթն առաջնորդվում է Ուսխորհրդի կարգախոսով՝ Հզոր ենք, երբ միասին ենք:
Մրցույթ-փառատոնի բացմանը ներկա էին Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ, դասախոսներ, ուսանողներ։ Բացմանը հրավիրված էին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի համակարգող, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ներկաներին ողջունեց և մասնակիցներին բարեմաղթանքներ հղեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը. «Ուսանողական լեցուն կյանքի դրսևորումներից մեկն էլ «Պոլիտեխնիկական խաղերն» են, որոնք մեր հաստատությունում ավանդույթային մարզական միջոցառումներ են: Պոլիտեխնիկում Ուսանողական խորհրդի կազմակերպած և Երիտասարդական հիմնադրամի սիրահոժար հովանավորությամբ այս միջոցառումը չպետք է դիտարկել որպես շարքային միջոցառում: Հույս ունեմ՝ մեր ուսանողությանը սպորտային կամքը, տոկունությունը ուղեկից կլինի իր մասնագիտական գիտելիքների ձեռք բերման դժվարին ընթացքում: Կցանկանայի, որ մարզական ոգին, մարզական համառությունը ձեզ միշտ ուղեկից լինեն: Մաղթում եմ մարզական անաչառ մթնոլորտում հաստատակամություն, ոգի, կորով, ուժ, և Աստված թող օգնական լինի մեզ՝ մեր բոլոր նախաձեռնություններում»:
Երկրորդ տարին է՝ մրցույթ - փառատոնն իրականություն է դառնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Պոլիտեխնիկի Ուսխորհրդի ջանքերով: Այս տարի փառատոնի կազմակերպական աշխատանքներին աջակցել են՝ ռեկտորի օգնական Կարապետ Կոգարովը, Ուսխորհրդի փոխնախագահներ Գևորգ Հարությունյանը և Արեգ Խաչատրյանը, Ուսանողական խորհրդի ազատ ժամանցի և սպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Գալստյանը:
«Երևանյան թմբուկներ» խմբի նվագակցությամբ դահլիճ մտան մրցույթի մասնակից 13 թիմերը, որոնք ներկայացնում էին բուհի 11 ֆակուլտետները, ավագ դպրոցը և քոլեջը: Ի դեպ թմբկահարների խմբում էին Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողուհիներ Ասյա Հովհաննիսյանը և Մարիամ Բունիաթյանը։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են 25 մասնակիցներ, ովքեր ուժերը չափելու են ինչպես դասական մարզաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ և շախմատ, այնպես էլ ազգային ավանդական խաղերում:
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, ողջունելով ներկաներին, ընդգծեց ուսանողական մարզական միջոցառումների կարևորությունը, որոնք օգնում են մասնակից ուսանողներին՝ կոփել մարմինը, զբաղվել սիրած մարզաձևով, և լավ հնարավորություն են տալիս դրսևորել իրենց մարզական հնարավորությունները: «Պոլիտեխնիկական համալսարանը լուրջ մարզական ավանդույթներ ունեցող ուսումնական հաստատություն է: Ես՝ որպես մարզաշխարհի ներկայացուցիչ, հիշում եմ ձեր բուհի սեղանի թենիսի, բասկետբոլի, վոլեյբոլի հավաքականները, որոնք ավանդաբար բավականին լավ արդյունքներ են գրանցել»,- նշեց նախարարը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց. «Ուրախ եմ, որ ձեր ուսանողական կառույցի ղեկավար Գոռ Վարդանյանի հետ այս ծրագիրն արդեն դարձրել ենք ավանդական: Այն Երիտասարդական հիմնադրամի ծրագրերի մեջ առանձնահատուկ տեղ ու դեր ունեցող ծրագիր է: Այո՛, պոլիտեխնիկցիներին, այո՛, մեր ուսանողությանը»,- եզրափակեց բանախոսը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ, Ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, ազդարարելով խաղերի բացումը, շնորհավորեց ուսանողներին. «Գաղտնիք չէ, որ ինժեներական կրթություն ստանալու հետ մեկտեղ՝ մեր համալսարանում իրականացվում են սպորտային, մշակութային, ինտելեկտուալ տարբեր մրցույթ-փառատոներ՝ ներֆակուլտետայինից՝ ներբուհական: Սիրելի ուսանողներ, երկու շաբաթ տևողությամբ այս միջոցառմանը դուք հնարավորություն ունեք ձեր ստորաբաժանմանը՝ ֆակուլտետին, դպրոցին, քոլեջին հաղթանակ պարգևել: Ուսխորհրդի կողմից հնարավոր ամեն ինչ արվել է, որպեսզի մրցույթներն իրականացվեն հավասար պայմանններում»:
Հ.Գ. Ի դեպ, այս տարի երիտասարդ ճարտարագետների ջանքերով արդյունքներն ամփոփվելու են ինֆոգրաֆիկի միջոցով: Յուրաքանչյուր օր Ոսխորհրդի պաշտոնական էջից ուսանողները կարող են տեղեկանալ արդյունքներին: ՖԲ-ում գործելու է նաև #PolyGames_infoGRAPHIC, #PolyGames2015 հեշտեգերը: