Նոյեմբերի 17-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հյուրն էր տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ոլորտի առաջատար՝ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության տնօրեն Եվգենի Կասպերսկին, ով իր թիմով Հայաստան էր ժամանել՝ արժանանալով Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար:
Պոլիտեխնիկական համալսարանի Պատվավոր դոկտոր Եվգենի Կասպերսկուն, բուհի Գիտխորհրդի որոշմամբ, շնորհվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ Ոսկե մեդալ:
Հանդիպմանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ, ոլորտի մասնագետներ, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ներկայացնելով Կասպերսկու գործունեությունը և նվաճումները տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ոլորտում՝ նրան հանձնեց Հայաստանի ազային պոլիտեխնիկական համալսարանի Ոսկե մեդալ:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ եթե տարիներ առաջ մեզ համար երազանք էր թվում «Սիլիկոնային հովտի» հսկաների այցը Հայաստան, ապա այսօր «անհերքելի են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունները: Մեր երկիր են ժամանում այդ ոլորտի աշխարհի հսկաները ոչ թե նյութական շահագրգռության նպատակով, այլ Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ ստանալու: Գալով Հայաստան՝ նրանք բարձրացնում են մեր երկրի ճանաչողությունը՝ որպես ինտելեկտին ապավինող երկիր»:
Ի դեպ, Կասպերսկին վեցերորդն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Նախորդ մրցանակակիրներն են՝ «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթը (2010թ.), «Էյփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), «Հիտաչի» ընկերության էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիտաչի» ընկերության ավագ գործադիր տնօրեն, 2013 թվականից Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն և Cisco ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014թ.):
Եվգենի Կասպերսկին կարդաց դասախոսություն՝ «Վտանգների ինտերնետը» խորագրով:
«Սկզբում մենք չէինք էլ մտածում, որ կարող է վիրուս կոչվածն ի հայտ գալ, և կգտնվեն չարագործներ, որոնք դրա համար անգամ մեծ գումարներ կստանան: Վիրուսների դեմ սկզբում ես մենակ էի պայքարում, հետո` մի օգնական ունեցա, տարեցտարի մեր թիվն ավելանում էր, իսկ հետո ուղղակի ռոբոտ-ծրագիր ստեղծեցինք, որը մեր փոխարեն գտնում է վիրուսները: Հավատացեք նույնիսկ մի քանի միլիոն մարդ չի կարող հայտնաբերել և վնասազերծել մեկ օրվա ընթացքում առաջացած այդ վիրուսները»,- ասաց Կասպերսկին: Ըստ նրա` մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ թվային տեխնիկան է գերիշխում, և մենք էլ այս կամ այն կերպ կախված ենք թվերից: Ցանցային աշխարհում ամենատարածված խնդիրը կիբեռհարձակումներն են, որոնք տարբեր դրդապատճառներ ունեն` գումար գողանալ, պետական գաղտնիքներ կորզել և աժիոտաժ ստեղծել:
Նա նշեց նաև, որ մեր օրերում սկսել են ավելի հաճախ հարձակումներ տեղի ունենալ սմարթֆոնների վրա, և եթե 2011-ին տարեկան մի քանի հարյուր հարձակում էր տեղի ունենում, ապա 2011-ին «պայթյուն» տեղի ունեցավ` «աստղային շքերթ»: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ երբ սկսեցին սմարթֆոնով վճարումներ անել: Վճարման այդ ձևն առաջացավ 2011-ին: Մինչ այդ հեռախոսային աշխարհում կիբեռհանցագործություն չկար, որովհետև հեռախոսների համար նախատեսված ֆինանսական ծառայություններ չկային: 2011-ին տարբեր երկրներում շատ դրամատներ ստեղծեցին այդ ծառայությունը, և այդտեղից էլ առաջացավ կիբեռհանցանքը: Ապա մասնագետը ցույց տալով իր հին մոդելի հեռախոսը՝ ավելացրեց. «Ես շատ հարցերում պահպանողական եմ, բացառությամբ՝ նոր տեխնոլոգիաների ու իմ ընկերության արտադրանքի: Ես սովոր եմ հին իրեր օգտագործել»: «Սմարթ - հեռուստատեսությունը կլինի կիբերռհարձակման հաջորդ թիրախը, և կարող է ստացվել այնպես, որ դուք հեռուստացույց դիտեք, իսկ հեռուստացույցը «դիտի» ձեզ»,- ասաց Կասպերսկին:
Ըստ նրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին սպառնացող վտանգները կարելի է դասակարգել երեք խմբի` կիբեռհանցագործության և ավանդական հանցագործության միավորում, կիբեռլրտեսության ռիսկերի աճ և առանցքային ենթակառույցները վնասելուն ուղղված կիբեռզենքերի կիրառում: Նրա կանխատեսումներով՝ թվային սարքավորումների և համակարգերի լայն կիրառումը հանգեցրել է մի այնպիսի իրավիճակի, երբ աշխարհը գնալով ավելի ու ավելի խոցելի է դառնում կիբեռահաբեկչության վտանգների առջև:
«Եթե նախկինում կիբեռհանցագործությունն ուղղակի գլխացավանք էր, ասաց բանախոսը, ապա այժմ սպառնալիք է դարձել, քանի որ կիբեռհանցագործներին են միացել ավանդական հանցագործները, և կա մտավախություն, որ ապագայում կարող են կատարվել շատ ավելի լուրջ և ծանր հարձակումներ՝ ստրատեգիական նշանակության օբյեկտների վրա, որոնք շատ ցավալի վերջաբան կունենան: Ի՞նչ անել»: Կասպերսկին ունի իր տեսլականը. «Որպեսզի հնարավոր լինի պաշտպանվել ցանկացած բնույթի հարձակումներից, անհրաժեշտ է իրականացնել երեք դրույթ՝ կրթություն, իրավապահ մարմինների միջոցառումներ և անվտանգության տեխնոլոգիաների կիրառում»:
Դասախոսությունն ավարտվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող հարց ու պատասխանով: