Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՀԱՊՀ-ի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ հոբելյանական` 20-րդ տարեկան գիտաժողովի առաջին լիագումար նիստը:
Գիտաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասպիրանտներին, մագիստրանտներին, ինչպես նաև ուսանողներին` գիտական զեկուցման ձևով ներկայացնելու իրենց կողմից կատարված գիտական մշակումները, նախագծերը, կազմակերպել համապատասխան քննարկումներ և լավագույն աշխատանքները ներկայացնել հրատարակման` նպաստելով հանրապետությունում և հատկապես մեր համալսարանում իրականացվող գիտական գործունեության առաջընթացին:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանը, ՀԱՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ո.Մարուխյանը, ՀԱՊՀ-ի գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա.Գրիգորյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Ա.Գալստյանը։
Առաջին լիագումար նիստը բացեց ՀԱՊՀ-ի գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա.Գրիգորյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ տեսակապի միջոցով գիտաժողովի բացման արարողությանը մասնակցում են նաև ՀԱՊՀ-ի 3 մասնաճյուղերը։ Իր խոսքում նա նշեց, որ տարեկան գիտաժողովի թեմատիկան ընդգրկում է տեխնիկական գիտությունների ամբողջ ոլորտը, ինչպես նաև հումանիտարը։
ՀԱՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը իր ողջույնի խոսքում ասաց. «ՀԱՊՀ-ն ճարտարագետ գիտնականների կենտրոնատեղ է և իր առանձնահատուկ առաքելությունն ունի մեր հանրապետության հետազոտական ներուժի պահպանման ու զարգացման պատասխանատու գործընթացում։ Այսօր համալսարանում իրականացվում են գիտահետազոտական և նորարարական բազմաբնույթ նախագծեր, ինչպես պետական և ՀԱՊՀ-ի բյուջեների, այնպես էլ միջազգային հիմնադրամների և մի շարք շահագրգիռ կազմակերպությունների ֆինանսավորմամբ»։ Նա հակիրճ ներկայացրեց 2014-2015թթ. համալսարանում կատարված դրամաշնորհային ծրագրերը։ Ո. Մարուխյանը նշեց, որ վերջին տարիներին համալսարանում ստեղծվել և արդյունավետությամբ գործում են Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները, Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնավարժանքային կենտրոնը, Շարունակական կրթության և վերապատրաստումների կենտրոնը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնահետազոտական և նորարարական կենտրոնը, Ճարտարագիտական լաբորատորիաները Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերում, ստեղծվել են հեռաուսուցման լսարաններ Երևանի կրթահամալիրում և երեք մասնաճյուղերում։ Ռեկտորը գիտաժողովին մաղթեց արդյունավետ և բուռն քննարկումներ, բանավեճեր՝ հօգուտ մեր համալսարանի զարգացման։
Գիտաժողովում ողջույնի իր խոսքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ծանոթ է «Բանբեր» հանդեսում տպագրված աշխատանքներին: Դրանցից շատերը բարձր մակարդակ ունեն, սակայն չունեն հետագա կիրառության ճանապարհ: Մինչդեռ ճարտարագիտական լուծումները պետք է կիրառել կյանքում, իսկ չպահանջվածությունը այդ առումով ստեղծում է դժվարություններ: Այնուամենայնիվ կարելի է փնտրել ճանապարհներ այլ երկրներում դրանք կիրառելու համար:
Այնուհետև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալըստյանը զեկուցում կարդաց «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ծրագիրը» թեմայով: Զեկուցման մեջ նա նշեց, որ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ծրագրի արդյունքները հիմնված են ամբողջ էներգահամակարգի օպտիմալացման հաշվարկների վրա, հաշվի առած բոլոր էներգապաշարները` նավթամթերքներ, միջուկային, հիդրո, վերականգնվող, կենսազանգված և այլն, արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, սպառման բոլոր ոլորտների տեխնոլոգիաները: Ա. Գրիգորյանը խոսեց էլեկտրաէներգիագազ փոխանակման տեխնիկական և տեխնոլոգիական տվյալների, նոր արտադրող հզորությունների, էներգետիկ համակարգերի հիմնական և այլընտրանքային սցենարների տարբերակների մասին: Զեկուցողն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի արտադրության արժեքի և ընդհանուր ծախսերի հարաբերակցության, բնական գազի ներմուծման, նոր միջուկային էներգաբլոկի ծրագրի իրականացման ժամանակացույցի մասին հարցերին:
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ գիտաժողովի վերջին լիագումար նիստը։ Այն վարում էր ՀԱՊՀ-ի գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը։ Նա շնորհավորեց բոլոր պոլիտեխնիկցիներին, մասնավորապես գիտաժողովների հիմնադիր, ակադեմիկոս Յուրի Սարգսյանին հոբելյանական գիտաժողովի կայացման առթիվ` հիշատակելով գիտաժողովների 20 տարիներին կարդացված զեկուցումների քանակը` մոտ 4000 զեկուցում: Այնուհետև ելույթ ունեցան գիտաժողովի բաժանմունքների նախագահներ Վ.Զաքարյանը, Յու.Սարգսյանը, Մ.Բաղդասարյանը, Ս.Սիմոնյանը, Ս.Աղբալյանը, Ս.Դավթյանը, Հ.Պետրոսյանը և Ա.Թադևոսյանը։ Նրանք ներկայացրին իրենց ղեկավարած բաժանմունքներում կատարված աշխատանքները։ Գիտաժողովին մասնակցում էին նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը նպաստում էր քննարկվող հարցերի, գիտական ուղղությունների և թեմաների առավել լայն ընդգրկմանը։
Գիտաժողովին ներկայացվել է 215 հոդված՝ 348 հեղինակների կողմից, այդ թվում Գյումրուց` 16, Վանաձորից` 7 և Կապանից` 4 հոդվածներ։ Ներկայացված հոդվածների հեղինակներից 33-ը բազային գիտահետազոտական լաբորատորիաների աշխատակիցներ են, 32–ը՝ 21 տարբեր կազմակերպություններից. ԵՊՀ, ԵՊԲՀ, ՀԱԱՀ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն, «Հայատոմ» ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, «Գազպրոմ» ՓԲԸ, Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխ. փորձ. կենտրոն, Օբուխովի անվան Մթնոլորտային ֆիզիկայի ինստիտուտ (ՌԴ), «Դանդի Փրիշտ Մեթալս Կապան» ՓԲԸ, «Ինգո Արմենիա», «Ինստիգեյթ» ՓԲԸ, «Բրեդենս Արմենիա», «Սայմոտեկ», «Էնի» ՍՊԸ և այլն։
Գիտաժողովին մասնակցել են 54 գիտության դոկտորներ, 135 գիտության թեկնածուներ, 70 ասպիրանտներ և հայցորդներ, 28 մագիստրանտներ և 8 բակալավրեր:
Զեկուցված գիտական աշխատանքները գրախոսման փուլն անցնելուց հետո կերաշխավորվեն տպագրության։
Գիտաժողովի աշխատանքն ամփոփեց պրոռեկտոր Ա.Գրիգորյանը։ Հնչեցին դիտողություններ և առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն համալսարանի հաջորդ տարվա գիտաժողովի կազմակերպման գործընթացում։ Այսպիսով ՀԱՊՀ-ի տարեկան գիտաժողովը ավարտեց իր աշխատանքը: