Նոյեմբերի 12-ին 81 տարեկան հասակում, կյանքից հեռացավ Հայաստանի գիտության և կրթության երախտավորներից մեկը, տ.գ.դ., հեռահաղորդակցման միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀԱՊՀ-ի պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ԵՐՎԱՆԴԻ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ:
Նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Խաչեն գյուղում, ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1958թ. ավարտել է ԵՊՀ-ն` «ֆիզիկա» մասնագիտությամբ ու այդ թվականից անմնացորդ իրեն նվիրել է սեփական երկրի և ազգի գիտության ու կրթության զարգացման վեհ գործին: Պրոֆեսոր Առուստամյանի կատարած աշխատանքների ու զբաղեցրած պաշտոնների զուտ թվարկումը տեղավորվում է մի քանի էջի վրա, ինչը թերթի հնարավորություններից դուրս է: Ընդամենը նշենք, որ նա, տասնամյակների ընթացքում էական ներդրում է ունեցել ԷՀՄ զարգացման մեջ, եղել է հանրահայտ ու հռչակավոր «Մերգելյանի» գլխավոր ճարտարագետի տեղակալ, Մոսկվայի ռադիոկապի ԳՀԻ Երևանի մասնաճյուղի տնօրեն, մասնակիցը «Գլոբուս-1», «Գլոբուս-2» արբանյակային համակարգերի կայանքների մշակման, փորձարկման ու ներդրման, Երևանի Դավթաշեն թաղամասում 25 հազար աշխատատեղ ունեցող հզոր միավորման, իր գիտական, ուսումնական, առողջապահական, մարզական ու բնակելի կառույցներով ու ստորաբաժանումներով գաղափարի հեղինակն ու իրագործողը, ինչը, հասկանալի պատճառներով, ցավոք, կիսատ մնաց: 1970-ականների սկզբից համատեղման, իսկ 1992թ.-ից մշտական աշխատողի կարգավիճակով, իրեն բնորոշ սկզբունքայնությամբ ու հետևողականությամբ նա ակտիվ դերակատարում է ունեցել համալսարանի ՌՏ և ԿՀ ֆակուլտետի և «Ռադիոսարքավորումների կոնստրուկտավորում և արտադրություն» ամբիոնի գիտաուսումնական գործընթացում: Վ. Առուստամյանը ավելի քան կեսդարյա աշխատանքային գործունեության ընթացքում եղել է բազմաթիվ ու բազմաբնույթ միութենական ու հանրապետական հեղինակավոր գիտաժողովների կազմկոմիտեներում, պարբերականների խմբագրական կոլեգիաներում և գիտատեխնիկական խորհուրդներում: Նա եղել է ՀՊՃՀ-ում 032 մասնագիտական խորհրդի, Գիտխորհրդի, նրա մրցութային հանձնաժողովի, գիտատեխնիկական խորհրդի, ՀԱՊՀ-ի «Բանբեր» հանդեսի խմբագրական խորհրդի ակտիվ ու գործուն անդամ: Պրոֆ. Առուստամյանը հեղինակ է հայերեն առաջին` «Կիբեռնետիկան և նրա կիրառությունը» գրքի, 130 գիտական հոդվածների, գյուտերի, գրքերի, ուսումնական ձեռնարկների, ղեկավարը 10-ից ավելի թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների: Նվիրված ու անխոնջ գործունեության համար Վ. Առուստամյանը արժանացել է «ԽՍՀՄ պատվավոր ռադիստի», «ԽՍՀՄ գյուտարարի» կոչումներին, պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալով, ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալով, ՀՊՃՀ Ոսկե մեդալով, բազմաթիվ շնորհակալագրերով: Նա 2013 թ. դարձել է ՀՀ նախագահի մրցանակակիր, իսկ 2015 թ. արժանացել է «Անանիա Շիրակացի» մեդալի։
Ցավոք այսօր մեզ հետ չէ մարդկային բարձր արժանիքների տեր, արդարամիտ, շիտակ, պահանջկոտ դասախոսը և գործընկեր, պրոֆեսոր Վլադիմիր Առուստամյանը։
ՀԱՊՀ ՌԵԿՏՈՐԱՏ,
ՌՏ ԵՎ ԿՀ ՖԱԿՈՒԼՏԵՏ, ՌԿ ԵՎ Ա ԱՄԲԻՈՆ,
032 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ