«Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից։ 2750-ամյա տարելիցից անցել են չորս տասնյակ և 7 տարիներ: «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումները բազմաբովանդակ և բազմաբնույթ են, որոնք նոր շուք և գեղեցկություն են տալիս մեր հազարամյակների պատմություն ունեցող քաղաքամայր Երևանին:
Հոկտեմբերի 27-ին ՀԱՊՀ-ի Գիտխորհրդի նիստերի դահլիճում ՀԱՊՀ-ի ռեկտորի տեղակալ, ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանը, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հանդիպեցին Պոլիտեխնիկի ուսանողների հետ: Նպատակը մեկն էր` շնորհակալություն հայտնել ՀԱՊՀ-ի ուսանողությանը և Ուսանողական խորհրդին հոկտեմբերի 1-ից «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին ակտիվ մասնակցության համար և նրանց փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհակալության խոսքերը և հանձնել շնորհակալագրեր: Գոռ Վարդանյանը և Սամվել Մերթարջյանը նշեցին, որ տոնակատարության միջոցառումներին ուսանողները մեծ ոգևորությամբ և կազմակերպվածությամբ են աշխատել Երևանի 28 տեղեկատվական կետերում: Խոսվեց նաև հոկտեմբերի 11-ին տոնակատարությանը պոլիտեխնիկցիների բարձր մակարդակով մասնակցության մասին: «Շնորհակալություն ձեզ` կատարած աշխատանքի համար: Շնորհավորում եմ Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդին, որ կարողանում է հավաքագրել այսպիսի պատրաստված երիտասարդների»,-ողջունելով ուսանողներին` ասաց քաղաքապետի օգնականը: Գոռ Վարդանյանը և Սամվել Մերթարջյանը Երևանի 2797-ամյակին նվիրված տոնակատարության կազմակերպչական աշխատանքներում գործուն մասնակցության և ներդրած ջանքերի համար շնորհակալագրեր հանձնեցին ուսանողներին ու նաև ՀԱՊՀ-ի ՈՒԽ նախագահությանը, ու մյուս անդամներին:
Վերջին 3 տարիներին «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցել է ավելի քան 3000 պոլիտեխնիկցի ուսանող։
ՈւԽ ՄԱՄՈւԼԻ ԵՎ ԼՐԱՏՎՈւԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ