ՀՀ բուհերի ուսանողական ամենամյա ավանդական մարզական խաղերը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքների լավագույն ստուգատես են։ Դրանք ոչ միայն նպաստում են ուսանող երիտասարդության շրջանում տարվող մարզաառողջարարական աշխատանքների բարելավմանը, այլև ուսանողությանն ընդգրկում են մշտական գործող մարզասեկցիաներում՝ նպաստելով ուսանողների ֆիզիկական կարողությունների բարելավմանը։ Խաղերի անցկացման նպատակներից է բուհերի մարզական ակումբների գործունեության ակտիվացումը, որն ի հայտ է բերում լավագույն ուսանող մարզիկների։
Հոկտեմբերի 28-ին, իննօրյա պայքարից հետո, ավարտվեց Հայաստանի Հանրապետության ուսանողական 16-րդ մարզական խաղերի վոլեյբոլի տղաների մրցաշարի 2-րդ, աշնանային փուլը։
Խաղերն անցկացվում էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում, որտեղ չեմպիոնի կոչման համար պայքարում էին հանրապետության 10 բուհերի հավաքականներ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ուսանողական 16-րդ մարզական խաղերի գարնանային փուլն ավարտվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի վոլեյբոլի հավաքականի բացարձակ առավելությամբ։ Առաջնության աղյուսակը գլխավորում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի վոլեյբոլի տղաների հավաքականը։
Մրցաշարի աշնանային փուլում, սակայն, Պոլիտեխնիկի հավաքականը առաջատարի իր դիրքը զիջեց Ֆիզկուլտուրայի Հայաստանի պետական ինստիտուտին՝ 4 միավորով ետ ընկնելով նրանցից։ Ըստ այդմ՝ մրցաշարային աղյուսակում 1-ին տեղը 52 միավորով զբաղեցնում է Ֆիզկուլտուրայի Հայաստանի պետական ինստիտուտը, 2-րդ տեղում է 48 միավոր վաստակած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Առաջնության աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Երևանի պետական համալսարանը՝ 44 միավորով։
Շնորհավորում ենք արծաթե մեդալի արժանացած մեր հավաքականի տղաներին և թիմի մարզիչ Արթուր Մանուկյանին, մաղթում նորանոր հաղթանակներ և մարզական ու գիտակրթական բազում ձեռքբերումներ։