Նոյեմբերի 2-ին ՀԱՊՀ-ի միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչությունը ՀԱՊՀ-ի ուսխորհրդի աջակցությամբ կազմակերպել էր տեղեկատվական օր` «Միջազգայնացման գործընթացը և շարժունության միջազգային ծրագրերը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում» խորագրի ներքո:
Միջոցառումը տեղի ունեցավ Գիտխորհրդի նիստերի դահլիճում (1301 լսարան): Այն բացեց Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Զառա Գրիգորյանը: Նա մանրամասն ներկայացրեց մեր համալսարանում գործող ծրագրերը, դիմելու ընթացակարգը և ակնկալվող արդյունքները: Այնուհետև ելույթ ունեցավ «Նորագույն կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ ճարտարագիտական և բնագիտական մասնագիտություններում մաթեմատիկական կրթական ծրագրերի արդիականացումը Հարավկովկասյան հանրապետությունների համալսարաններում» ծրագրի ՀԱՊՀ-ի համակարգող Իշխան Հովհաննիսյանը: Նա դահլիճում ներկա գտնվողներին պատմեց ծրագրի նպատակների և խնդիրների մասին:
Վիկտորյա Բեգոյանը ներկայացրեց «Կենսաբժշկական ճարտարագիտական կրթության Տեմպուս նախաձեռնություն Արևելյան հարևանության տարածաշրջանում» ծրագրին մասնակցելու կարգը, դրա հիմնական նպատակը և արդյունքները: Այնուհետև ելույթ ունեցավ Էներգետիկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Խաչիկյանը, ով «ERASMUS-MUNDUS» փոխանակման ծրագրի «BACKIS» նախագծով 10 ամիս ուսումնառության էր մեկնել Վիլնյուսի Գեդեմինասի տեխնիկական համալսարան: Նա խորհուրդ տվեց ուսանողներին հետաքրքրվել այս ծրագրով, որին մասնակցությունը կնպաստի նրանց հետագա մասնագիտական առաջընթացին: Սոնա Խաչիկյանը հիշատակեց նաև իր և ՀԱՊՀ-ի ռեկտորի տեղակալ, Ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի` Ռումինիայի Բուխարեստ քաղաքում նույն ծրագրի շրջանակներում անցկացված կոորդինատորների հանդիպման մասին:
Ուսանողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ: