Հոկտեմբերի 30-ին կայացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի գիտական խորհրդի նիստը` նվիրված 2015թ. մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքների հաշվետվությանը:
Գիտխորհրդի նիստի սկզբում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը շնորհակալագրեր հանձնեց Ռոբոտաշինության խմբակի անդամներին, ովքեր մասնաճյուղը ներկայացրել էին «ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ-2015» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում:
Այնուհետև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար պրոֆեսոր Աշոտ Պապոյանը ներկայացրեց մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքների մանրամասն հաշվետվություն: Զեկուցողը խոսեց կատարված աշխատանքների, տարեկան ցուցանիշների, ձեռքբերումների և խնդիրների մասին:
Գիտխորհրդի մասնակիցների կողմից հնչեցին հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին փոքր ակադեմիական խմբերում դասապրոցեսի կազմակերպման, բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության քննությունների և շարունակական կրթության իրականացման կազմակերպական հարցերին, դասախոսների մրցութային ընդունելության կարգին և այլն:
Գիտխորհուրդը ամփոփվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Կարեն Արզումանյանի և Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի պրոռեկտոր Բորիս Մամիկոնյանի ելույթներով:
ՎԱՐԴՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ