2016-2017 ուսումնական տարվա ընդունելության նախապատրաստական աշխատանքի շրջանակներում ՀԱՊՀ-ի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը ս.թ. սեպտեմբերի 22-ից 24-ը կազմակերպել էր «Քմիայի օր» «Պատանի քիմիկոսների համահայկական 5-րդ մրցաշարի» կիսաեզրափակիչ և եզրափակիչ մարտերի մասնակիցների համար։ Միջոցառմանը մասնակցում էին մայրաքաղաքի և հանրապետության տարբեր շրջանների 38 աշակերտներ։ «Քիմիայի օրվա» մասնակիցների ցանկում ընդգրկված էին Երևանի «Հերացի» ավագ դպրոցը (ուսուցիչ՝ Սոնյա Սիմոնյան), Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցը (ուսուցիչ՝ Նորա Պողոսյան), «Ֆոտոն» վարժարանը (ուսուցիչ՝ Ռոզա Գրիգորյան), «Ակադեմիական վարժարանը» (ուսուցիչ՝ Գոհար Պետրոսյան), Չարենցավանի ավագ դպրոցը (ուսուցիչ՝ Գայանե Քոչարյան), Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցը (ուսուցիչ՝ Գայանե Աթոյան), Արարատի ավագ դպրոցը (ուսուցիչ՝ Վարդիթեր Աղաջանյան)։
Աշակերտները լսեցին ակնարկային դասախոսություններ հանրապետությունում զարգացող գիտության և արտադրության ոլորտների վերաբերյալ տ.գ.դ. Մ.Համամչյանի, տ.գ.թ. Ռ.Ավետյանի և ք.գ.թ. Գ.Հովհաննիսյանի և ֆակուլտետի անալիտիկ քիմիայի լաբորատորիայի դոցենտներ Մ.Սիրականյանի, Գ.Վարդերեսյանի զեկուցումները։ Լաբորանտներ Լ.Պարիկյանի, Ն.Միքայելյանի ղեկավարությամբ աշակերտները կատարեցին մի շարք փորձեր։
Փոքրիկ ընդմիջումից հետո աշակերտները դասախոսների ուղեկցությամբ այցելեցին գործող ձեռնարկություններ՝ «Դիատոմիտ» գիտաարտադրական ընկերություն, «Երևանի գարեջուր» ՓԲԸ, «Սարանիստ» ապակե տարայի գործարան, «Էսկոֆարմ» դեղագործական ֆիրմա։
Հանդիպման ընթացքում աշակերտների կողմից եղան բազմաթիվ մասնագիտական հարցեր՝ համալսարանի և Քիմիական ֆակուլտետի վերաբերյալ։
«Քիմիայի օր» կանցկացվի նաև այլ դպրոցների աշակերտների համար։