Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի «Քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնը կազմակերպել է «Թանկարժեք մետաղներով էլեկտրաքիմիական պատումներ» խորագրով Երիտասարդ գիտնականների դպրոց։
Հոկտեմբերի 5-ին Պոլիտեխնիկի 1301 լսարանում տեղի ունեցավ դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դեկաններ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «Մխիթարյան կրթահամալիր»-ի մի քանի տասնյակ աշակերտներ։
Միջոցառումը բացեց «Քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ, քիմ.գ.թ. Հասմիկ Քոչարյանը՝ ընդգծելով մեր կյանքի բոլոր բնագավառներում կիրառվող տարբեր մետաղներով էլեկտրաքիմիական պատումների անհրաժեշտությունը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց «Քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի վարիչ Գագիկ Թորոսյանին՝ լավ նախաձեռնության համար և հաջողություն մաղթեց «Երիտասարդ գիտնականների դպրոց»-ի աշխատանքներին։
Այնուհետև ցուցահանդեսում մասնակիցները դիտեցին մետաղապատված զանազան կենցաղային իրեր, ավտոմեքենայի մասեր։ Այստեղ շատ հարցեր էին առաջանում, որոնց սիրով պատասխանում էր Հ. Քոչարյանը։ Ցուցանմուշների դիտումից հետո մասնակիցները լսեցին ՔՏ ամբիոնի դոցենտ Ա. Ամյանի «Էլեկտրաքիմիական ծածկույթների ստացման պատմական ակնարկ» զեկուցումը։
Այնուհետև դոցենտ Հ.Քոչարյանը զեկուցեց «Բազմաշերտ ծածկույթների կիրառումը և դրանց ստացման գործընթացները» թեմայով։
Զեկուցումները լսվեցին մեծ հետաքըրքրությամբ։ Եղան նաև հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ։
Մեկշաբաթյա դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան թանկարժեք մետաղներով էլեկտրաքիմիական պատումների գործընթացներին և տեխնոլոգիաներին։
Հոկտեմբերի 9-ին ամփոփվեցին արդյունքները և ավարտվեցին դպրոցի դասընթացները։