Ս.թ. հոկտեմբերի 2-ից 4-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվեց «ԴիջիԹեք Էքսպո 2015» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը: 11-րդ ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի բացառիկ էր մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ և քանակով:
ՀՀ Կառավարության հովանու ներքո անցկացվող եռօրյա միջազգային ցուցահանդեսը, որը կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը, մեկ հարկի տակ միավորել էր շուրջ 170 ընկերություն, որոնց թվում էր նաև ՀՀ տեխնոլոգիական կրթության առաջատար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին տեղական և միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի, մասնակցում էին մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանի Դաշնությունից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից (Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն):
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ցուցահանդեսի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ԴիջիԹեք 2015»-ի պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և այլ պաշտոնատար անձինք։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին այցելեց ցուցահանդես և ծանոթացավ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ ընկերությունների արձանագրած հաջողություններին:
Արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իր գործընկեր «National Instruments» ընկերության հետ համատեղ ներկայանում է ամենամեծ տաղավարով, որում ցուցադրվում են համալսարանի ուսանողների կողմից կատարված ավելի քան 35 նախագծեր, ինչպես նաև տ.գ.թ., դոց. Մարատ Մուրադյանի կողմից մշակված նոր սերնդի MM-1 փոքրաչափ թվայնացված միկրոպրոցեսորային էլեկտրասրտագրիչը և տ.գ.թ., դոց. Ավգեն Գասպարյանի կողմից մշակված Հոսանքահարումից պաշտպանող սարքը։
Ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում ՀԱՊՀ-ի ուսանողները մեծ ոգևորությամբ այցելուներին էին ներկայացնում իրենց իսկ կողմից կատարված նախագծերը՝ ցուցադրելով լավագույն ավանդույթներ ունեցող Պոլիտեխնիկական համալսարանի արդի հնարավորությունները։ «National Instruments» ընկերության աջակցությամբ իրականացված այս նախագծերը («Եռաչափ 3D դելտա տպիչ», «Գերբարձր հաճախականային անտենաներ», «Ձեռագիր ժամացույց», փով և ավտոմատ ղեկավարվող լուսամփոփ», «Երթևեկության կարգավորման ռադիոահազանգման համակարգ», «Միկրոսխեմաների թեստավորման համակարգ», «Jukebox պատվիրվող երաժշտության սարք» և այլն), որոնք կյանքի են կոչվել Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ողջ անձնակազմի ջանքերի շնորհիվ և մեծ հետաքրքություն էին առաջացնում այցելուների շրջանում: Որոշ նախագծեր ստացան գործնական բնույթի առաջարկներ:
ՀԱՊՀ-ն ներկայացված էր նաև ավագ դպրոցի և Ռոբոտատեխնիկայի ակումբի սաների ստեղծած «Ական փնտրող», «Դոմինո շարող», «Գույներ դասակարգող», «Գծին հետևող և նկարահանող», «Աղբ հավաքող» և այլ տեսակի ռոբոտներով: Ներկայացված ռոբոտները ավագ դպրոցի ակումբի ղեկավարների քրտնաջան աշխատանքի արդյունք են: Ավանդաբար այս տաղավարն արժանանում է ամենամեծ հետաքրքրությանը, հատկապես երեխաների շրջանում:
Տեղի ունեցան նաև RoboFest փառատոն, խաղային հեքեթոն, ԴիջիԼայֆ սեմինարներ, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ:
Երեք օր անընդմեջ հայ հասարակայնությունը հնարավորություն ունեցավ ականատեսը լինելու հայկական և միջազգային ՏՏ ոլորտի կազմակերպությունների ապրանքների և ծառայությունների ցուցադրություններին և պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու ճարտարագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: