Հաջողությունը պետք է չափել ոչ այնքան
այն դիրքով, որին մարդ հասել է կյանքում, որքան այն խոչընդոտներով,
որոնք նա հաղթահարել է
հաջողության հասնելիս։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գրեթե բոլորը ճանաչում են բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Ցոլակի Պետրոսյանին: Դա պատահական չէ: Հասմիկ Պետրոսյանը իր աշխատանքային կենսագրության ավելի քան 4 տասնամյակները անցկացրել է Պոլիտեխնիկում: Սկսել է «Պոլիտեխնիկ» թերթի թղթակցի աշխատանքից: Այնուհետև նրա աշխատանքները և զբաղեցրած պաշտոնները կազմել են մի գեղեցիկ շղթա: Դրանք են՝ «Պոլիտեխնիկ» թերթի պատասխանատու քարտուղար, խմբագրահրատարակչական բաժնի խմբագիր, 1990թ. մրցույթով աշխատանքի է անցնում Հայոց լեզվի և գրականության ամբիոնում՝ որպես ավագ դասախոս: 1995թ.-ից մինչ 2015 թ. մարտ ղեկավարել է նույն ամբիոնի աշխատանքները: Զուգահեռաբար վարել է նաև Լեզուների դեպարտամենտի վարիչի տեղակալի, ապա Հասարակական գիտությունների և լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալի պարտականությունները: Այսօր ղեկավարում է Լեզուների գիտակրթական կենտրոնի աշխատանքները:
Ամենուրեք ՀասմիկՊետրոսյանը աշխատել է՝ թողնելով իր ուրույն «ձեռագիրը»: Այն ծանոթ ու հարազատ է և՛ ուսանողներին, և՛ գործընկերներին, և՛ ընդհանրապես իր շրջապատի մարդկանց:
Հասմիկ Պետրոսյանի երկարամյա անբասիր աշխատանքը բարձր է գնահատվել նաև Պոլիտեխնիկի ղեկավարության կողմից: 2009թ. նա արժանացել է ՀՊՃՀ-ի Ոսկե մեդալի: Իսկ վերջերս, ծննդյան 65 ամյակի և կրթության բնագավառի նշանակալի ձեռքբերումների համար Հասմիկ Պետրոսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով:
Շնորհավորում ենք մեր սիրելի Հասմիկ Պետրոսյանին բարձր պարգևի արժանանալու առթիվ, մաղթում նրան քաջառողջություն, երջանկություն և գիտակրթական բնագավառի նորանոր ձեռքբերումներ: