2005 թվականից ի վեր տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում անցկացվում է մրցույթ Հայաստանի Հանրապետության նախագահի ամենամյա կրթական պարգևների համար։
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական պարգևը շնորհվում է բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների ու մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդ, ինչպես նաև ներգրավված են հասարակական ծրագրերում:
2015թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի 2015թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնեց տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի վկայագրի հետ երիտասարդները ստացան հուշախորհրդանիշ և դրամական պարգև:
Այս տարի Հայաստանի Հանրապետության նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 16 աշակերտ՝ 5 բուհից և 8 ավագ դպրոցից:
Պարգևատրման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց բարձր առաջադիմություն ցուցաբերած և նախագահի 2015թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ նրանց մաղթելով հաջողություններ:
Սերժ Սարգսյանը իր ելույթում նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բոլոր մասնագիտությունները, ինչպես նաև, որակյալ մասնագետները մեր երկրում, իրոք, պահանջված են, և, որ այդ պահանջարկը բավարարելու ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել ավելի մեծ թափով:
Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ, մեր հայրենակից Վահե Թորոսյանը, ով վերջին անգամ Հայաստան էր այցելել 2008թ.: Նա շնորհավորեց և հաջողություններ մաղթեց մրցանակակիրներին՝ հորդորելով մշտապես զինվել գիտելիքներով, որովհետև չկա ավելի լավ հիմք ապագայի համար, քան գիտելիքը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի առաջադեմ ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները և Ավագ դպրոցի աշակերտները նախորդ տարիներին ակտիվորեն մասնակցել են այս մրցույթին և գրավել մրցանակային տեղեր։ Այս տարին ևս բացառություն չէր։
«Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցանակների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի աշակերտներ Էլեն Ալթունյանը և Անի Բարսեղյանը։ «Լավագույն բակալավր» անվանակարգում մրցանակների են արժանացել Շահեն Մաիլյանը (1-ին կարգ) և Դիանա Վիրաբյանը (2-րդ կարգ), «Լավագույն մագիստրանտ» անվանակարգում՝ Մարիամ Խաչատրյանը (1-ին կարգ) և Էլեն Ասատրյանը (2-րդ կարգ), «Լավագույն ասպիրանտ» անվանակարգում՝ Դավիթ Բաբայանը (1-ին կարգ) և Արտակ Խեմչյանը (2-րդ կարգ), իսկ «Լավագույն սփյուռքահայ ուսանող» անվանակարգում՝ Անդրանիկ Մոմջյանը: