Հոկտեմբերի 14-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ ամենամյա օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադայի կազմակերպիչը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է, իսկ գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ամենամյա միջոցառման նպատակը միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակը գնահատելն է, բացի դրանից՝ այն օգնում է ճանաչել և խրախուսել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նրանց ներգրավվածությունը:
Այս տարի Օլիմպիադային մասնակցել են 850 երիտասարդ՝ 29 երկրից: Հայաստանի մասնակիցների մեջ էր Պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրանտ Գրիգոր Հովսեփյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցելով միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը, հատուկ մրցանակ հանձնեց «Լավագույն արդյունք Հայաստանից» անվանակարգում հաղթած Գրիգոր Հովսեփյանին:
Մեզ հետ զրույցում Գրիգորը շեշտեց, որ օլիմպիադան բարդ էր, բայց ոչ անհաղթահարելի, և կարելի էր, պատրաստվելու դեպքում, ավելի լավ արդյունք ցույց տալ: «Բացի մասնակիցների խրախուսանքից՝ օլիմպիադան նաև ճանաչողական նշանակություն ունի,- ասաց Գրիգորը: - Շատ երկրների մասնակիցներ Հայաստանի անունն անգամ մինչ այս չէին լսել: Բայց հետո նրանք ճանաչեցին մեր երկիրը՝ որպես տարածաշրջանում միկրոէլեկտրոնիկայի, ՏՀՏ և հեռահաղորդակցության ոլորտների առաջատարի»:
Խոսելով ծրագրերի մասին՝ հետաքրքրվեցինք, թե ինչն է գերադասում՝ գիտակա՞ն, թե պրակտիկ աշխատանքը: Գրիգորը նշեց, որ այս երկուսը սերտաճած են, և շատ հաճախ պրակտիկ աշխատանքն առանց փոքրիկ հայտնագործությունների հնարավոր չէ պատկերացնել: Գիտության ոլորտը որքան էլ գայթակղիչ է՝ նախապատվությունը տալիս է երկրորդին: Գրիգորը շեշտեց նաև, որ իր բոլոր ծրագրերը կապված են Հայաստանի հետ, և աշխատելու է միմիայն Հայաստանում: