Հոկտեմբերի 28-ին, Պոլիտեխնիկի թամանյանակերտ 1-ին մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ մի միջոցառում, որը կոչված է իրենով պայմանավորելու անկյունաքարային այն փիլիսոփայությունը, որի վրա է միայն կանգուն ու կենսունակ դեպի ապագան միտված ցանկացած դրական նախաձեռնություն: Եվ դա անցյալը գնահատելն է, սեփական պատմությունը չուրանալն է, այդ անցյալի ու պատմության վրա սովորելը և դրականը զարգացնելն է: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համատեղ նշեցին Պոլիտեխնիկի երբեմնի ռեկտորներ Պետրոս Մելքոնյանի և Ռաֆայել Մովսիսյանի հոբելյանները:
Բացման իր խոսքում ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նախ կարևորեց Մայր Պոլիտեխնիկի երկու մերօրյա զավակ բուհերի համագործակցությունը գնահատանքի հենց այսպիսի միջոցառմամբ նշանավորելը: Նա շնորհավորեց 1946-1965թթ. Պոլիտեխնիկի ռեկտոր Պետրոս Մելքոնյանի 110-ամյա և 1980-1988թթ. Պոլիտեխնիկի ռեկտոր Ռաֆայել Մովսիսյանի 90-ամյա հոբելյանների առթիվ լեփ-լեցուն դահլիճում ներկաներին՝ դասախոսներին, ուսանողներին, ինչպես նաև հոբելյարների երկրորդ ու երրորդ սերունդներին: Ո. Մարուխյանը հանգամանալի ներկայացրեց հոբելյարների ղեկավարման օրոք Պոլիտեխնիկի նվաճումները, որոնք ակնառու էին նաև մեր փոքրիկ հանրապետությունից դուրս: Ամենից տպավորիչը և ուղենշայինն այն էր, որ ռեկտորը կենդանի օրինակների վրա երիցս առանձնացրեց ու շեշտեց իր ուսանողական ժամանակներում ռեկտոր եղած Մելքոնյանի մարդկային հատկանիշները՝ նրան բնորոշելով «բարի» պատվանմամբ: Հատկապես հուզիչ էր, երբ բոլորի համար անակնկալ՝ նա, իր խոսքի վերջում, հոբելյարների հարազատներին նվիրեց Պետրոս Մելքոնյանի և Ռաֆայել Մովսիսյանի անուններով թողարկված փոստային բացիկները: Սա արդեն պետական շինարարության և կրթական քաղաքականության մեջ իրո՛ք ժառանգականության այնքան կարևոր բաղադրիչի պահպանման առանցքային երաշխիք էր:
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը ևս կարևորեց հոբելյարների ներդրումը Հայաստանում ճարտարագիտական մտքի և կրթության զարգացման գործում, շնորհակալություն հայտնեց Ոստանիկ Մարուխյանին նման հանդիսավոր միջոցառում նախաձեռնելու համար: Այս տրամաբանության մեջ էր Գ. Գալստյանի՝ պետական այրին վայել եզրափակիչ միտքը. «Հոբելյարները տե՛ր են եղել երկրի խնդիրներին, և մենք հիմա շարունակում ենք»:
Այդ շարունակականության վկայություններից էր այն, որ հանդիսության նախագահությունում էին երեքը՝ զույգ համալսարանների ռեկտորները և Պոլիտեխնիկի երկարամյա ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը, ով իր խոսքում չափազանց տիպական հուշեր պատմելուց, հոբելյարների հատկապես շինարարական հսկայածավալ աշխատանքներ իրականացնելու մասին խոսելուց և նրանց «Շինարարներ» տիտղոսով արժևորելուց զատ, շեշտադրեց նրանց գործի ռազմավարական կողմը: «Նրանց օրոք են սովորել այն ինժեներները, ովքեր ստեղծել են Խորհրդային Հայաստանի տնտեսությունը, այսօրվա՛ Հայաստանը»,- եզրակացրեց ակադեմիկոսը:
Այնուհետև խոսք վերցրին մոտ մեկ տասնյակ գիտնականներ, ներկա պաշտոնյաներ, հոբելյարների ժառանգներ: Նրանք տարբեր կողմերից բացահայտեցին գիտնական, ղեկավար, քաղաքացի, մարդ Պետրոս Մելքոնյանին և Ռաֆայել Մովսիսյանին: Ներկաները կլանված լսում էին այդ հուշերն ու իրենց համար հայտնագործում չմոռացվող այդ անհատականություններին նաև առօրյա կյանքում, կենցաղում, ընտանիքում, ընկերական ու մտերմիկ շրջապատում: Հոբելյանական միջոցառումը բառի բուն իմաստով վերաճեց մեծարման երեկոյի, ինչին միանգամայն արժանի էին այսօրվա Հայաստանի համար հիմքեր նախապատրաստած կրթության գործի զույգ նվիրյալները:
Միջոցառմանը հատուկ սոլիդություն և հմայք հաղորդեցին Պ. Մելքոնյանին և Ռ. Մովսիսյանին նվիրված սլայդ-շոուները, որոնք կենսագրական ֆիլմերի ազդեցություն թողեցին ներկաների վրա, պատմեցին, թե ինչպես ժամանակին Պոլիտեխնիկը հայաստանյան բուհերի մեջ լավագույնն էր իր տարաբնույթ երաժշտական համույթներով, երգի-պարի փառատոներով, Այրուձիով, թատերական խմբակներով, մարզական խմբերի ու շինարարական ջոկատների հաջողություններով: Սլայդ-շոուները շատերի համար բացահայտեցին այն տիտանական ջանքերը, որոնց շնորհիվ թռիչքաձև զարգանում էր հայկական մրցունակ պոլիտեխնիկական գիտությունը, ինչպես էին ժամանակին համահունչ բացվում նոր ֆակուլտետներ, մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում և Գորիսում, ինչպես էին ավելանում գիտահետազոտական կառույցները, որոնց հիմնադիրն ու գիտական համակազմով ապահովողը Պոլիտեխնիկն էր: Սլայդ-շոուի հեղինակները չէին զլացել ամենայն բծախնդրությամբ ներկայացնել նաև հոբելյարների տոհմածառերը։ Սլայդները յուրօրինակ հանրագիտարան էին Պոլիտեխնիկի անցած ճանապարհի այն հատվածի մասին, երբ բուհը ղեկավարել էին այդ երկու երախտավորները:
Պոլիտեխնիկի ռեկտոր Ո. Մարուխյանը իր եզրափակիչ խոսքում երախտագիտություն հայտնեց հանդիսության կազմակերպչին՝ Արկադի Դուրինյանին. հիրավի, տքնաջան ու ծավալուն աշխատանք էր կատարված: Պետք է հուսալ, որ հետայսու կլինի ճիշտ այնպես, ինչպես կանխանշեց Ո. Մարուխյանը. «Մենք վերականգնում ենք Պոլիտեխնիկի ավանդույթները, որոնց կրողը հենց մե՛նք պետք է լինենք»: