Սեպտեմբերի 22-ից մինչև 24-ը Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Les Art Resort» հյուրանոցում տեղի ունեցավ «Honeywell» կորպորացիայի տարեկան գիտաժողովը, որին մասնակցում էին նաև ՀԱՊՀ-ի Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆ. Ա.Հ. Հովհաննիսյանը և Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի տնօրեն, ք.գ.թ. Ա.Վ. Զապրոսյանը:
«Honeywell» կորպորացիան ընդգրկված է Fortune ամսագրի լավագույն 100-յակի մեջ, որը զբաղվում է հասարակության, գիտության և տեխնոլոգիաների առջև ծառացած ժամանակակից գլոբալ մարտահրավերներին պատասխանող լուծումների մշակմամբ և ներդրմամբ:
Ողջ աշխարհում ընկերության հաստիքացուցակում հաշվարկվում է մոտ 132 հազար աշխատակից, որոնցից ավելի քան 22 հազար գիտնականներ և ճարտարագետներ են:
Տեխնոլոգիական լուծումները, որոնք ուղղըված են ձեռնարկությունների «սմարտ» գաղափարի իրացմանը, աչքի են ընկնում իրենց հզորությամբ և արդյունավետությամբ:
Գիտաժողովի թեման հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունն էր:
Գիտաժողովում դիտարկվեցին հետևյալ հարցերը.
Experion Orion կոնսոլ և Collaboration station համատեղ աշխատանքի կայան, մոդուլային համակարգեր, ձեռնարկությունների արդյունաբերական անվտանգության համալիր համակարգեր, տեխնոլոգիական գործընթացների կառավարման կատարելագործում, օպերատորային անձնակազմի իմիտացիոն մոդելավորում և վարժանքներ, օպտիմալ պլանավորման և օպերատիվ կառավարման համակարգեր, վերահսկիչ չափիչ սարքեր և սարքավորումներ, անլար լուծումներ:
Գիտաժողովի շրջանակներում աշխատում էին լեռնամետալուրգիական և ագրոքիմիական ոլորտների, նավթի և գազի արդյունահանման ու սեղմված բնական գազի տեղափոխման համար սեկցիաները:
«Honeywell» միջազգային կորպորացիան ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը, և Պոլիտեխնիկի պատվիրակության մասնակցությունը գիտաժողովի աշխատանքներին պայմանավորված էր ՀՀ-ում կորպորացիայի ներկայացուցչություն հիմնելու ծրագրով և երկրի առաջատար տեխնիկական բուհի հետ համագործակցությամբ:
Ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված համաձայնագրի շրջանակում Պոլիտեխնիկին անվճար տրամադրվել է UniSimDesign ծրագրի արտոնագրեր: Մեկ համակարգչի արտոնագրի արժեքը գերազանցում է 60 հազար ԱՄՆ դոլարը: Տվյալ ծրագրային ապահովումը ներկայումս լայնորեն օգտագործվում է ամբողջ աշխարհում տեխնոլոգիական գործընթացների նախագծման, օպերատորների ուսուցման և կառավարման օպտիմալացման համար:
Հուսով ենք՝ տվյալ ծրագրի կիրառումը թույլ կտա զգալի ներդրում կատարել կրթական գործընթացի որակի բարձրացման մեջ, իսկ հեռանկարում՝ իրականացնել «Honeywell» կազմակերպության հայաստանյան գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստում, ինչպես նաև համապատասխան պատվերների առկայության դեպքում մասնակցել նախագծման ու ծրագրավորման աշխատանքներին։
ԱՐԹՈւՐ ԶԱՊՐՈՍՅԱՆ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ