Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է։ Ոլորտի կարևորությունը գնալով առավել էական է դառնում, քանի որ հանրապետությունում տարեցտարի ավելանում են համանման գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունները, ավելանում են աշխատատեղեր, մեծանում է թողարկվող արտադրանքի ծավալը, ինչպես նաև որակյալ մասնագետների պահանջարկը:
Հանքարդյունաբերության համար անհրաժեշտ կադրեր պատրաստող միակ բարձրագույն ուսումնական հաստատության հետ արտադրական ձեռնարկությունների համագործակցությունը վերջին 2 տասնամյակում նկատելիորեն նվազել է: Ստացվել է այնպես, որ բուհը կադրեր է պատրաստում, իսկ արտադրությունը իր համար անհրաժեշտ բարձրակարգ մասնագետներ, անհամեմատ մեծ ծախսերի գնով, հրավիրում է դրսից կամ ինքն է վերապատրաստման մասին հոգում:
Եվ ահա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հանդես եկավ առաջարկությամբ՝ համագործակցել արտադրությանն անհրաժեշտ մասնագետների պատրաստման գործում, որին հավանություն տվեցին մի քանի ձեռնարկություններ։ Իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ բոլորովին վերջերս այդ համաձայնությունը կոնկրետ գործի վերածվեց՝ կնքվեց համագործակցության հուշագիր։ Դրան միացավ նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը:
Հուշագրում մասնավորապես ասված է. «Ելնելով ընդերքօգտագործման ոլորտին անհրաժեշտ կադրերի բարձրագույն մասնագիտական ուսուցման արմատական բարելավման հրամայականից, կարևորելով այդ գործում բուհ-արտադրություն երկխոսության անհրաժեշտությունն ու փոխշահագրգռվածությունը, կողմերը պայմանավորվում են համագործակցել…», նաև թվարկվում են նրանցից յուրաքանչյուրի անելիքները:
Հուշագրի արդյունավետ իրականացման նպատակով կողմերը կձևավորեն միացյալ աշխատանքային խումբ, որը կմշակի միջոցառումների պլան - ժամանակացույց և այն կներկայացնի կողմերի քննարկմանն ու հաստատմանը:
ՎՈԼՈԴՅԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«ՀԱՆՔԱԳՈՐԾ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳ»
ՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ