Հոկտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բացվեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստը: Նիստը նախագահում էր Պոլիտեխնիկի ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը: Նախքան օրակարգի հաստատումը, տեղի ունեցավ ԵԽ-ի նոր անդամների երդմնակալության արարողությունը:
Օրակարգում ներառված էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը քննարկելու վերաբերյալ հարցը:
Մտքերի փոխանակության ընթացքում ԵԽ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Ամիրյանն իր ելույթում նշեց, որ Սահմանադրությունը` որպես հասարակական հիմնարար ուղենիշ, պետք է հանդիսանա «Որոգայթ փառաց»՝ ուղղված լինելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի ամրապնդմանը, ապահովելով գործառույթ ինստիտուտ - լիազորություններ եռամիասնության ներդաշնակությունը, ողջամիտ հավասարակշռվածությունը քաղաքական մեծամասնության և փոքրամասնության միջև:
ԵԽ-ի անդամ Գոհար Մկոյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծով՝ երեխաների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմներ են առաջարկվում:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Թադևոսյանը բնական համարեց սահմանադրական բարեփոխումների շուրջ ընթացող թեժ քննարկումները, որոնք, ըստ նրա, հանգեցրել են նոր գաղափարների և առաջարկների ի հայտ գալուն: Նրա կարծիքով՝ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է հատկապես քաղաքացիների՝ երկրի կառավարման գործընթացին ներգրավվածության ընդլայնմամբ:
Նիստում Երիտասարդական խորհրդարանի անդամները հանդես եկան հայտարարություններով: Քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ նաև Պոլիտեխնիկի Ուսանողական գիտական ընկերության նախագահ, ռեկտորի օգնական Կարապետ Կոգարովը:
Երիտասարդական խորհրդարանն ավարտեց իր աշխատանքը: