Հոկտեմբերի 24-ին ՀԱՊՀ-ի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) նիստ, որը վարում էր խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը։ Նիստին մասնակցում էին Հոգաբարձուների խորհրդի 30 անդամից 21-ը։ Հոգաբարձուների խորհրդի նիստն սկսվեց օրակարգի միաձայն հաստատմամբ: Առաջին հարցը ներկայացնելու համար Ս.Նիկոյանը խոսքը տվեց ՀԱՊՀ-ի ռեկտոր Ո. Մարուխյանին:
Պարոն Մարուխյանը ներկայացրեց ՀԱՊՀ-ի կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխությունները։ Դրանք կապված էին «Ինստիտուտ» անվանմամբ համալսարանի հիմնական կառուցվածքային ստորաբաժանման հետ: Փոփոխությունների մեջ կար 13 կետի ավելացում, որտեղ շարադրված էին այդ ստորաբաժանման կառուցվածքը, մարմինները և նրանց ընտրության կարգն ու լիազորությունները: Նա նշեց, որ ինստիտուտները, ի տարբերություն ֆակուլտետների, պետք է ունենան ինքնավարության բարձր մակարդակ և առանձնացված ֆինանսական միջոցներ: Փոփոխությունների փաթեթը մինչ ՀԽ-ում քննարկման դնելը երաշխավորվել էր Գիտական խորհրդի միաձայն որոշմամբ: Ըստ պարոն Մարուխյանի՝ ինստիտուտները պետք է ոչ միայն հոգան իրենց ծախսերը, այլև օգտագործելով իրենց ստորաբաժանումների և կադրերի ներուժը, կարողանան լրացուցիչ մուտքեր ապահովել սեփական բյուջեի համար, միաժամանակ պետք է գնան ռեսուրսախնայողության և հաստիքախնայողության ճանապարհով: ՀԽ-ի Ռազմավարական զարգացման հարցերի հանձնախումբը միաձայն դրական եզրակացություն տվեց կանոնադրական փոփոխությունների նախագծին և առաջարկեց ինստիտուտի Գիտական խորհրդին վերապահել ինստիտուտի մագիստրոսների թեմաների հաստատումը և տնօրենի նշանակման ժամկետը 5 տարուց դարձնել մինչև 5 տարի: Այսպիսով, նախագիծը, առաջարկված փոփոխություններով, դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց:
Օրակարգի երկրորդ հարցում քննարկվում էր ՀԱՊՀ-ի Էներգետիկական և Էլեկտրատեխնիկական ֆակուլտետների միավորմամբ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ստեղծման նախագիծը: Այն ներկայացրեց ՀԱՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը: Երկու ֆակուլտետների ամբիոնների, ֆակուլտետային խորհուրդների և ՀԱՊՀ-ի գիտական խորհրդի միաձայն երաշխավորմամբ կմիավորվեն երկու ֆակուլտետների ամբիոնները և լաբորատորիաները։ Ռեկտորը նշեց, որ մոտ ապագայում սպասվում է երկրորդ ինստիտուտի ստեղծումը՝ հիմնված Մեխանիկամեքենագիտական, Մեքենաշինական և Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետների վրա: Կստեղծվեն 5 ինստիտուտներ, որոնց ներսում ֆակուլտետներ չեն գործի:
ՀԽ-ի խորհրդի անդամները միաձայն ընդունեցին նախագիծը և Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի գործունեության սկիզբ սահմանեցին 2016 թ. փետըրվարի 1-ը:
Օրակարգի երրորդ հարցը ներկայացրեց ՀԱՊՀ-ի Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, գլխավոր հաշվապահ Կ. Խաչատրյանը: Տիկին Խաչատրյանը մանրամասնորեն ներկայացրեց ՀԱՊՀ-ի սեփականության լրիվ մաշված գույքի դուրսգրման, լուծարման և օտարման կարգը:
Կ. Խաչատրյանը նշեց, որ նոր կարգը սահմանվել է՝ ելնելով համալսարանի կարգավիճակային փոփոխությունից։ Այն պարունակում է և նախկին դրույթներից և նոր կետեր, որոնք կարգավիճակի փոփոխությամբ պարտադրված են օրենքով: Հարցը դրվեց քվեարկության և նոր կարգը միաձայն ընդունվեց:
ՀԱՊՀ-ի ՀԽ-ի նախագահ Ս. Նիկոյանը ներկայացրեց օրակարգային չորրորդ հարցը: Նա նշեց, որ ղեկավարվելով համալսարանի կանոնադրության 39 կետի 8-րդ ենթակետով՝ ՀԱՊՀ-ի ՀԽ-ի իրավասությունների մեջ է մտնում համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը: Խորհրդի որոշմամբ՝ աուդիտ իրականացնող անձի ընտրությունը կկատարվի օրենքով սահմանված կարգով ՀԱՊՀ-ի Գնումների բաժնի միջոցով մրցույթի կազմակերպմամբ։
Օրակարգի հինգերորդ հարցով նախատեսված այլ հարցերի ժամանակ ՀԱՊՀ-ի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը ներկայացրեց ՀՊՃՀ-ի 2011-2015թթ. ստրատեգիական պլանի կատարման արդյունքների ամփոփումը և ՀԱՊՀ-ի 2016-2020թթ. ստրատեգիական պլանի մշակման պլան-ժամանակացույցը: Ռեկտոր Ո. Մարուխյանը ներկայացրեց վերջերս Երևանում տեղի ունեցած պտտահողմի հասցրած վնասները ՀԱՊՀ-ի 12-րդ, 5-րդ, 4-րդ և 17-րդ մասնաշենքերին և Ռեկտորը նշեց, որ համալսարանի ուժերով վերացվել են ավերածությունները, վերանորոգվել քանդված տարածքները: Պարոն Մարուխյանը նշեց, որ համալսարանն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ և ակնկալում է ՀԽ-ի աջակցությունը այդ խնդիրների վերացման հարցում:
Նիստի ավարտին առաջարկությամբ հանդես եկավ ակադեմիկոս Յու. Սարգսյանը: Նա ասաց, որ առկա են բավական շատ հակասություններ և անհամապատասխանություններ բուհերի մասին և հիմնադրամների մասին օրենքների միջև: Պարոն Սարգսյանը առաջարկեց ստեղծել օրենսդրական որոշակի փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն։