Սեպտեմբերի 25-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մշակույթի տանը մեկնարկեց «Ունիվերսիադա-2015» միջբուհական մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը: Դահլիճում ներկա էին ՀՀ բուհերի պատվիրակություններ, մշակույթի գործիչներ, ռազմական ինստիտուտների ներկայացուցիչներ, կուրսանտներ, ուսանող երկրպագուներ: Միջոցառման առաջին մասում ազգային հայրենասիրական երգերի կատարմամբ հյուրերին ողջունեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտի կուրսանտները: Հանդիսավոր բացմանը հաջորդեց «Ունիվերսիադա-2015»-ի երգի մրցույթը: Կատարումները ազգային հայրենասիրական թեմատիկայով էին:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը «Ունիվերսիադա-2015»-ին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց: Դահլիճը լի էր պոլիտեխնիկցիներով, ովքեր ջանք չէին խնայում իրենց ընկերներին քաջալերելու համար: Երգի մրցույթին Պոլիտեխնիկը ներկայացավ երկու մասնակիցներով։ Ի դեպ, նրանք առանձնանում էին գեղեցիկ հագուստներով և այս հանգամանքը գնահատվեց նաև ժյուրիի կողմից: Պոլիտեխնիկցի մասնակիցները իրենց հիանալի կատարումներով ոտքի կանգնեցրին ողջ դահլիճը, բոլոր կողմերից հնչում էին ոգևորող բացականչություններ: Կատարումների ավարտից հետո, ժյուրիի որոշմամբ՝ ակտիվ մրցակցային պայմաններում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Պոլիտեխնիկի «Four colors» քառյակը:
Այսպիսով, «Ունիվերսիադա-2015»-ի առաջին մրցույթի արդյունքները հայտնի են, Պոլիտեխնիկը մրցույթ-փառատոնում գրանցեց իր առաջին հաղթանակը:
ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը և ռեկտորատի անդամները սեպտեմբերի 29-ին կայացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի հերթական նիստում շնորհավորեցին հաղթող քառյակի անդամներին, ապա ռեկտոր Ո. Մարուխյանը Պոլիտեխնիկի ղեկավարության և Ուսանողական խորհրդի անունից շնորհակալագրեր հանձնեց ՝ ՀԱՊՀ-ի Դիզայնի ֆակուլտետի ուսանողուհիներ Լիդա Գևորգյանին, Էլիզա Բաղդիյանին, Անահիտ Ալեքսանյանին և Անժելա Տիգրանյանին:
«Պոլիտեխնիկ» թերթի խմբագրությունը ևս շնորհավորում է քառյակի անդամներին և ՀԱՊՀ-ի պատվիրակությանը`մաղթելով նորանոր հաջողություններ:
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՊՀ-ի ՈՒԽ մամուլի և լրատվության
հանձնաժողովի անդամ