Կրակային պատրաստությունը, մարտական պատրաստության կարևորագույն մասերից մեկն է: Այն ընդգրկում է զենքի հիմնական մասերի, հրաձգության հիմունքների, ձևերի ու կանոնների, հրաձգության վարժությունների կատարման հիմունքները։ Զենքի նյութական մասի ուսուցումը ընդգրկում է զենքի մարտական հատկությունները, մասերի ու մեխանիզմների կառուցվածքը և դրանց նշանակությունը։ Կարևոր նշանակություն ունեն նաև ինքնաձիգի կամ որևէ մարտական զենքի պահպանությունը, խնամքը և մի շարք այլ գործողություններ։ Հրաձգության կանոնների իմացությունը ամենակարևոր պայմաններից է մարտի դաշտում։
Կրակային պատրաստության մակարդակի չափանիշը հակառակորդին առաջին իսկ կրակոցով ոչնչացնելու ունակությունն է:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր կրակային պատրաստության միջոցառում-դասընթաց: Հանրապետության հրապարակից ՀՀ մի շարք բուհերի խմբեր մեկնեցին դեպի Նուբարաշենի ռազմամարզական գոտի: Այնտեղ երիտասարդներին ողջունեց «Հայոց արծիվներ» հ/կ հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը: Ողջույնի խոսքում նա նշեց նման միջոցառումների կարևորության փաստը: Շնորհակալական խոսք ուղղեց բուհերի ռեկտորներին և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ուսանողական խորհուրդներին նման միջոցառումների իրականացման գործում կարևոր ներդրում ունենալու համար: «Հայաստանը գտնվում է հարևան երկրների հետ հակամարտությունների գոտում, ուստի շատ կարևոր է, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ, անկախ սեռից, տիրապետի նման հմտությունների, և միշտ զգոն լինի ու պատրաստ` դիմակայելու ցանկացած փորձության: Նման միջոցառումները միտված են երիտասարդների մարտական ոգին բարձրացնելու, նրանց մեջ հայրենասիրություն սերմանելու, կրթելու համար»,- ասաց Խ. Ասրյանը:
Ողջույնի խոսքից հետո բուհերի ներկայացուցիչները բաժանվեցին խմբերի և իրենց ուղղորդող սպայական անձնակազմի հետ ուղևորվեցին համապատասխան կրակային դիրքերը: Ուսանողները անցան մարտական պատրաստության կարևորագույն դասեր, ծանոթացան զենքին, նրա մասերին, կիրառությանը: Նկատենք, որ պոլիտեխնիկցիների շարքերում լավագույն արդյունքներով աչքի ընկան աղջիկները: Յուրաքանչյուր խմբից 5 լավագույն կրակողներ Պաշտպանության նախարարության կողմից արժանացան խրախուսական հուշանվերների: