Սեպտեմբերի 12-ին մի խումբ պոլիտեխնիկցիներ մեկնեցին «Օձունի գանձեր» և «Խորովածի» փառատոներին մասնակցելու: «Օձունի գանձեր» փառատոնին մասնակցում էին 15 գյուղ Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերից: Փառատոնը առավել աշխույժ և հետաքրքիր էին դարձնում երգի - պարի համույթների և լարախաղացների ելույթները:
Տաղավարներում ցուցադրված էին վայրի խոտաբույսերի և հատապտուղների հավաքածուներ, բնամթերք, ինչպես նաև կիրառական արվեստի գործեր:
Նախաճաշեցինք ՀԱՊՀ-ի Լեզուների ամբիոնի աշխատակից Նելլի Տիտանյանի հայրական տան բակում, որից հետո ուղևորվեցինք դեպի Ախթալա:
Ախթալայում «Խորովածի» փառատոնը կազմակերպել էր Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը: Նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ Ախթալան հայտարարվել է «Խորովածի մայրաքաղաք»։ Փառատոնին մասնակցում էին 22 թիմեր, որոնց թվում` ռեստորանների, հասարակական կազմակերպությունների թիմեր և անհատներ: Եղան նկարչության և երաժշտության մրցույթներ, բեմում հնչեցին ժողովրդական երգերից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող երգեր: Անցկացվեց նաև լոլիկի մածուկով նկարչական մրցույթ:
Այս փառատոնին մեր մասնակցությամբ, ճիշտ է, որևէ մրցանակ չստացանք, սակայն վերադարձանք Երևան` լիցքավորված և հարստացած նոր տպավորություններով:
ԼԵՎՈՆ ՄԱՑԱԿՅԱՆ
«Ռոբինզոն – XX» տուրակումբի
Նախագահ