1960թ., բուհական ընդունելության քննություններ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիբեռնետիկայի ֆակուլտետ. այդ տարի 805 խմբի ուսանող դառնալու պատվին արժանացավ 20-ը: Նրանք հետո պիտի դառնային երկրի գիտության, տնտեսության ամենատարբեր ոլորտների զարգացման համար շարժիչ ուժեր՝ նրանցից չորսն իրենց գիտելիքները ներդրել են տիեզերքի նվաճման բնագավառում, երեքն աշխատելով «Նաիրիտ» գործարանում՝ անմիջական մասնակցություն են ունեցել քլորոգենային կաուչուկի նոր կոմպլեքսի արտադրության կազմակերպմանը, չորս լավագույն շրջանավարտները՝ պետական հանձնաժողովի որոշմամբ, մնացել են հարազատ բուհում, երեքը պաշտպանել են թեկնածուական թեզեր:
1965թ. Պոլիտեխնիկի Կիբեռնետիկայի ֆակուլտետի 805 խմբի շրջանավարտներն ավարտական երեկոյին ուսանողության հրաժեշտը նշանավորեցին մի գեղեցիկ ավանդույթով. նրանք որոշեցին, որ հրաժեշտը դառնա ոչ թե բաժանման, այլ նոր հանդիպումների և հավաքույթների սկիզբ: Այնուհետև հանդիպումները դարձան հաճախակի: Իսկ դրանց առիթները շատ էին և բազմազան՝ ծննդյան տարեդարձներ, բուհն ավարտելու տարելիցներ, ամուսնություն և երեխաների ծնունդ…
Իսկ այդ օրվա հանդիպման առիթը հոբելյանական էր. հավաքվել էին՝ նշելու Պոլիտեխնիկն ավարտելու 50 ամյակը: Նախկին ուսանողները հանդիպման վայր ներկայացան ինչպես ուսանողության տարիներին՝ դասամատյանով: Այո-այո, ոչ ավելի, ոչ պակաս՝ 1965թ. իրենց ուսանողական դասամատյանով: Ներկա-բացակայից պարզվեց, որ կային հարգելի բացականեր և ցավոք՝ ընդմիշտ հեռացածներ: Վերջիններից՝ սրտի կսկիծով հիշեցին հատկապես Աղասի Վարդերեսյանին, ով Արցախյան ազատամարտում ընկավ հերոսի մահով: Ռազմի դաշտ մեկնելու թույլտվություն ստանալու համար Աղասին փոխել էր անձնագիրը՝ տասը տարի փոքրացնելով իրեն: Եղել է հետախույզ: Զոհվել է ականի պայթյունից:
Թերթելով դասամատյանը, մեր ուշադրությունը գրավեցին գրառումները. բացի հերթական հանդիպման ներկա - բացակայից՝ նշված էին յուրաքանչյուր հանդիպման վայրը, ճաշացանկը, խմբի հետ կատարված հիշարժան դեպքեր:
Երբ նախկին ուսանողները բոլորեցին սեղանների շուրջը՝ տարիները կարծես նահանջեցին, և գինու հետ հոսեցին քաղցր հիշողությունները՝ ընդունելության քննությունների բարդություններից սկսած՝ մինչև ուսանողական սիրո տվայտանքներ, միմյանց գլխին սարքած ծիծաղաշարժ պատմություններ ու կատակներ:
«Հանդիպումներն անհրաժեշտ են ոչ միայն հիշողությունները թարմացնելու, այլև դաստիարակության համար», - նշեց կազմակերպիչներից մեկը՝ խմբի ավագ Պետրոս Մարոնյանը:
Հավաքույթին ներկա էին համալսարանի ղեկավարության ներկայացուցիչներ, 805 խմբի դասախոսներ: