2015թ. գերմանական LAP LAMBERT Academic publishing հրատարակչությունը լույս է ընծայել Պոլիտեխնիկի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Վիլենա Մարտիրոսյանի «Հայաստանի հանքաքարերի վերամշակման քիմիամետալուրգիական գործընթացները» մենագրությունը։
Այն նվիրված է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի պղնձաձուլական խարամների և Սևանի հանքավայրի քրոմային հանքաքարերի համալիր վերամշակման հարցերին։ Տեխնոլոգիայի հիմքում դրված են քրոմային հանքաքարերի և թափոնային խարամների քլորաջրածնով և տարրական քլորով ընտրողական քլորացման գործընթացները։ Իրականացված հետազոտությունները և ստացված արդյունքները առանձնանում են տեխնոլոգիական լուծման յուրօրինակությամբ և նորույթով, և կարող են օգտակար լինել մաքուր ու լեգիրացված մետաղական փոշիների ստացմամբ տեղական բազմամետաղական հանքաքարերի և թափոնների վերամշակման լոկալ տեխնոլոգիայի ստեղծման համար։
Մենագրությունը նախատեսված է ընթերցողների լայն շրջանի` գիտական և ճարտարագիտատեխնիկական աշխատողների, մագիստրոսների, ասպիրանտների, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողների համար:
Պրոֆեսոր Վիլենա Մարտիրոսյանը Հայաստանի ինժեներական ակադեմիայի իսկական անդամ է։ Նա 200 գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է, այդ թվում ունի 30 հեղինակային վկայագրեր ու պատենտներ։ ՀՀ բարձրագույն որակավորման 031 մասնագիտական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի խորհուրդների անդամ է։ Ղեկավարել է մի շարք թեմատիկ պայմանագրային նախագծեր։ Այժմ ղեկավարում է Հայ-բելառուսական համատեղ դրամաշնորհային նախագիծը (14РБ049)։ Պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով և ՀՀ վարչապետի մեդալով։