Որքան էլ կյանքում որոնես գեղեցիկը, եթե այն չես կրում քո հոգում, բնավ չես գտնի: Այս բանում կրկին համոզվեցինք՝ արվեստի և նորաձևության BMAM ստուդիայում հանդիպելով Պոլիտեխնիկի Կիբեռնետիկայի ֆակուլտետի 1993 թ. շրջանավարտ Մարինե Բարսեղյանին, ում ջանքերի շնորհիվ գեղեցիկը և օգտակարը մեկտեղվել են այս փոքրիկ պահում: Մթնոլորտն այստեղ ջերմ է, քանզի յուրաքանչյուր աշխատանք, անկախ այն բանից, թե ինչ նյութից է պատրաստված կամ ինչ ձև ունի, կրում է հեղինակի՝ Մարինեի հոգու մի մասնիկը: Իսկ դրանք բացառիկ գեղեցիկ աշխատանքներ են՝ զարդեր, նկարազարդ կերամիկա, նկարներ, բատիկա, շարֆեր, հագուստ՝ պատրաստված տարբեր նյութերից, տարբեր տեխնոլոգիաներով: Այս ամենը Մարինեն պատրաստում է բարձրորակ նյութերից և զարդարում կիսաթանկարժեք քարերով:
«Ինչպե՞ս ստացվեց, որ Պոլիտեխնիկի շրջանավարտը իր գործունեությամբ տեղափոխվեց արվեստի ոլորտ» հարցին Մարինեն պատասխանում է. «Դպրոցական տարիներին էլ նկարում էի, զբաղվում երաժշտական պարապմունքներով: Սակայն շատ-շատ էի սիրում «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաները: Դա էլ միջնակարգն ավարտելիս ինձ ուղղորդեց դեպի Պոլիտեխնիկ: ԵրՊԻ-ում սիրով սովորել եմ և հիմա էլ զգում եմ Պոլիտեխնիկի՝ ինձ տված բազմակողմանի և անալիտիկ մտածելակերպը, որը շատ-շատ է օգնում նաև ստեղծագործական աշխատանքում: Եվ գտնում եմ, որ իմ ստացած տեխնիկական բարձրագույն կրթությունը այժմյան իմ աշխատանքին չի հակադրվում, այլ մշտապես օգնում է նորարարություն անելիս: Մեր ստուդիայի կայացման գործում անգնահատելի է նաև ամուսնուս՝ Ռուբեն Աբրահամյանի դերը: Նա նույնպես Պոլիտեխնիկի Կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Եվ այսպես, երկար մտորումներից հետո 2014 թ. որոշեցինք բացել «BMAM» ստուդիան»:
Մարինեն նկարչությամբ լրջորեն սկսել է զբաղվել 2010 թվականից, մինչ այդ գեղարվեստը նրա համար սոսկ հոգու պահանջ էր:
Արվեստի հետ մոտիկից առնչվելով՝ Մարինեին հետաքրքրում էին մի շարք հարցեր, որոնք իրենց պատասխանները գտան, երբ Մարինեն ստացավ հոգեբանի երկրորդ մասնագիտությունը: 2011-2013 թթ. նա սովորել է ԵՊՀ-ի Հոգեբանության ֆակուլտետում:
Մարինեի կյանքի ձեռքբերումներից է ընտանիքը, որտեղ նա երջանիկ է իր երեխաների և ամուսնու հետ:
Եվ, որպես նկարչուհի նրա կայացման մեջ մեծ է ՀՀ նկարիչների միության անդամ Հասմիկ Մուրադյանի դերը, ով Մարինեի կյանքում և՛ խորհրդատու ընկերուհի, և՛ ուսուցիչ է եղել:
Մարինե Բարսեղյանի աշխատանքները բարձր են գնահատվել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Դրա վկայությունն են Մոսկվայում կայացած «Ոսկե նուռ», ինչպես նաև ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված «Հայ մշակույթի օրեր» ցուցահանդեսներին Մարինե Բարսեղյանի մասնակցությունը:
Մարինեի աշխատանքներում արտահայտվում է լավատեսություն, հայրենասիրություն, սեր ու բարություն, որը գալիս է նրա արևմտահայ արմատներից: Դրանք սկիզբ են առել նրա վանեցի ապուպապերից ու Մարինեի միջոցով հասել են մեր օրերը:
Այսօր Մարինե Բարսեղյանը նկարում է, գրում բանաստեղծություններ, ապրում ստեղծագործական լիարժեք կյանքով, շփվում գեղեցիկի հետ՝ իր շրջապատի մարդկանց պարգևելով բարին ու գեղեցիկը: