Տիեզերքի հավերժության համեմատ մարդկային կյանքը մի ակնթարթ է: Պետք է կարողանալ այդ ակնթարթն ապրել հավատով, սիրով ու բարությամբ, որպեսզի լուսավոր հետք թողնես այս աշխարհում: Կյանքն այսպես ապրելու բախտ վիճակվում է սակավաթիվ մարդկանց:
Այդ սակավաթիվ մարդկանցից մեկն Սամվել Սողոմոնյանը: Արդեն մի տարի է, ինչ նա մեզ հետ չէ, սակայն բարի հուշերով ապրում է իր գործընկերների ու հարազատների շրջանում: Դրա վկայությունն էր սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում տեղի ունեցած հուշ-երեկոն: Պոլիտեխնիկի շրջանավարտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի երկարամյա դեկան Սամվել Սողոմոնյանը այս տարի կդառնար 60 տարեկան…
Հուշ-երեկոն բացեց «ՀԱՊՀ-ի թանգարան – մշակույթի կենտրոն»-ի տնօրեն, միջոցառման կազմակերպիչ Արկադի Դուրինյանը: Ողջունելով երեկոյի մասնակիցներին, նա հատուկ շնորհակալություն հայտնեց Սամվել Սողոմոնյանի ընտանիքին՝ իրեն նկարներ, փաստաթղթեր տրամադրելու համար: Նա նշեց, որ փաստաթղթերը և նկարներն ընտրելիս գտել են Սամվելի բանաստեղծությունները: «Դրանց մասին ոչ ոք չի իմացել և այսօր այդ հուզիչ բանաստեղծությունները կհնչեն դահլիճում» – ասաց Ա. Դուրինյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀԱՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Նա ողջունեց նման միջոցառման անցկացումը, որը նպաստում է պոլիտեխնիկական լավագույն ավանդույթների վերականգնմանը: Ո. Մարուխյանը հետադարձ հայացք նետեց Սամվել Սողոմոնյանի հետ անցկացրած դժվարին տարիներին, երբ միասին կիսում էին թե´ դժվարությունները, թե´ հաղթանակները: «Սամվելը շատ ազնիվ, բարի, բարին կամեցող մարդ էր: Նա միշտ պաշտպանում էր իր ֆակուլտետի ուսանողներին: Մեր հիշողության մեջ Սամվելը մնում է որպես լավագույն անձնավորություն» – ասաց Ո. Մարուխյանը: Նա Սամվել Սողոմոնյանի ընտանիքի անդամներին հանձնեց Սամվելի գործունեության հետ կապված մասունքներ՝ դիմումներ, բնութագրեր, գրավոր քննությունների գնահատականների պատճեններ:
«Դժվար է խոսել մի մարդու մասին, ով շատ անսպասելի, երիտասարդ տարիքում հեռացավ մեզանից: Նրան ճանաչել եմ ուսանող ժամանակից, մինչև ՔՀ և Ի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դեկան դառնալը: Ֆակուլտետում ուսանողների թիվն անցնում էր 1800-ից: Աշխատանքը շատ-շատ էր: Դժվարին տարիները մենք միասին անցկացրինք: Այստեղ մեծ էր նաև Սամվել Սողոմոնյանի ներդրումը: Որպես հայր՝ երեխաների նկատմամբ շատ զգայուն էր», – այսպես բնութագրեց իր գործընկերոջը Միջազգային համագործակցության և դրամաշնորհների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը:
Սամվել Սողոմոնյանի մասին ցուցադրվեց սլայդ-շոու: Հոր բանաստեղծություններից կարդաց դուստրը՝ Սոնա Սողոմոնյանը:
Հուշ-երեկոյին ներկա էին Սամվել Սողոմոնյանի 3 եղբայրները և 2 քույրերը, կինը՝ Անահիտը, կնոջ քույրը` Աիդան, մայրը և 3 երեխաները Վահրամը, Դավիթը, Սոնան: Նշենք, որ երեխաները շարունակում են իրենց հոր գործը: Տղաներից ավագը` տեխնիկական գիտությունների թեկնածու Վահրամն աշխատում է հարազատ ֆակուլտետում` որպես դեկանի տեղակալ: Դավիթը նույնպես տեխնիկական գիտությունների թեկնածու է և քրոջ` Սոնայի հետ աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում:
Սամվել Սողոմոնյանի մասին ջերմ, անկեղծ խոսքեր ասացին նրա գործընկերներ Կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան Գուրգեն Բարեղամյանը, ՔՀ և Ց ամբիոնի վարիչ Գագիկ Կիրակոսյանը, նույն ամբիոնի վարիչի տեղակալ Ռուբեն Պետրոսյանը, գործավար Մարինա Մաթևոսյանը: