Պոլիտեխնիկի 82-ամյա տարեգրությունը կերտվել է ոչ միայն կրթօջախի համար ամուր հիմք ու հենասյուներ դարձած գիտական ձեռքբերումներով: Այն հարուստ նրբերանգներ և ուրույն դիմագիծ է ստացել նաև մշակույթին և արվեստին հաղորդակցվելով՝ դառնալով պոլիտեխնիկական ավանդույթ: Պոլիտեխնիկական համալսարանից նաև մեր օրերում անբաժան են բոլորիս քաջ հայտնի գիտնականների, ինչպես նաև արվեստի ու մշակույթի գործիչների մի շարք անուններ: Հուրախություն պոլիտեխնիկցիների նշենք, որ այսօր էլ ավանդույթներն ապրում են: Այդ էր վկայում սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում կազմակերպված հուշ – երեկոն՝ նվիրված հայ երգի երախտավոր, բանասեր, բանահավաք Հայրիկ Մուրադյանի ծննդյան 110 ամյակին: Հուշ-երեկոն վարում էր Նարինե Դելալյանը:
Երեկոն բացվեց «Բարի լուսո աստղ երևաց» խորհրդանշական երգի կատարմամբ: Հայրիկ Մուրադյանը առանձնակի սիրով էր երգում այս երգը, որը դարձել էր նրա այցեքարտը: Այնուհետև ելույթ ունեցավ երեկոյի կազմակերպիչ «ՀԱՊՀ-ի թանգարան-մշակույթի կենտրոն»-ի տնօրեն Արկադի Դուրինյանը: Նա անուն առ անուն ներկայացրեց դահլիճում գտնվող Հայրիկ Մուրադյանի գերդաստանի բոլոր անդամներին՝ Մարո Մուրադյանի որդուն՝ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Մուրադյանին, նրա կնոջը՝ ջութակահարուհի Նարինե Դելալյանին, նրանց երեխաներին ու հարազատներին, ովքեր մեծ սիրով շարունակում են Հայրիկ Մուրադյանի գործը: Հայաստանից դուրս, հեռավոր Պորտուգալիայում նրանք մեծ վարպետությամբ հնչեցնում են հայ երաժշտությունը՝ աշխարհի տարբեր ժողովուրդներին ծանոթացնելով հայ ազգին ու նրա մշակույթին: «Իհարկե, մեր մեծերին պետք է բոլորս հիշենք ամեն օր, ոչ թե միայն հոբելյանների ժամանակ, քանի որ նրանք միշտ մեզ հետ են», – ասաց Ա. Դուրինյանը:
Կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը ներկայացրեց 1960 - ականների ժողովրդական երաժշտության զարթոնքի ակունքին կանգնած Հայրիկ Մուրադյանին: «Նրա շնորհիվ կրթական հաստատություններում ստեղծվեցին խմբեր, որոնք ելույթ էին ունենում ոչ միայն քաղաքներում, այլև շրջաններում, գյուղերում, նաև ձայնագրություններ էին անում: Հայրիկ Մուրադյանը ոչ միայն կարողացավ մեր ժողովրդին հիշեցնել, սիրել իր երգերը, այլև հավաքեց և հրատարակեց՝ անմահացնելով հայ երգը», – ասաց Ա. Փահլևանյանը:
Երեկոյի մասնակիցները դիտեցին Հ. Մուրադյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Հայ երգի հայրիկը» տեսաֆիլմը:
Տպավորիչ էր հայ երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի մասին «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքը՝ «Հայրիկ Մուրադյանը մեզ սովորեցնում էր հայ լինել: Նա երգ չէր փրկում, այլ ազգ ու ազգի տեսակ, երգ չէր փրկում, այլ տիեզերական ելևէջ»:
Երեկոյի մթնոլորտը հատկապես ջերմացնում էին «Կարին», «Վան», «Նուբար» համույթների, ինչպես նաև անհատ կատարողների ելույթները:
Հայ երգի երախտավորի մասին մեծարանքի խոսքեր ասացին «Վան» համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանը, «Ակունք»-ի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը, «ակունքցի» Սարգիս Բաղդասարյանը:
Միջոցառմանը հրավիրված երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանը կատարեց Հ. Մուրադյանի երգացանկից մի երգ: Հուզիչ էին Պոլիտեխնիկի Սպորտի ամբիոնի դասախոս, Ուժամարտի ֆեդերացիայի նախագահ Ռազմիկ Այվազյանի «Սոխակ, ինչու լռեցար», ինչպես նաև անհատ կատարող Արսեն Համբարյանի «Ձայն մը հնչեց…» երգերի կատարումները:
Ուրախալի է, որ Նարինե Դելալյանի ղեկավարությամբ այսօր գործում է «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը, որն ունի մատաղ սերնդին հայ երգն ու պարը սովորեցնելու առաքելությունը:
Լևոն Մուրադյանը եռանդով շարունակում է երաժշտական գործունեությունը՝ որպես «Դելալյան տրիոյի» հիմնադիր՝ հնչեցնելով հայկական երաժշտությունը աշխարհի տարբեր անկյուններում: