Քիմիական գիտությունների թեկնածու, «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնի դոցենտ Գագիկ Ցոլակի Վարդերեսյանը յոթուկես տասնամյակների կյանքի ուղի է անցել: Այդ ուղին եղել է դժվարին, բայց և գեղեցիկ` իր արգասաբերությամբ:
Ծնվել է 1940թ. Վրաստանի Ախալքալակի շրջանի Կարծախ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա ծառայել Խորհրդային բանակում:
1962 թվականից սկսվում է Գագիկ Վարդերեսյանի կյանքի պոլիտեխնիկական շրջանը, երբ ընդունվեց ԵրՊԻ-ի Քիմիատեխնոլոգիական ֆակուլտետ: Ավարտելով բուհը ինժեներ-տեխնոլոգի որակավորմամբ` Գ. Վարդերեսյանն ընդունվում է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Մ. Շեմյակինի անվան բիոօրգանական քիմիայի ինստիտուտի հեռակա ասպիրանտուրան: 1979-ին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն, ստանում քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1983 թվականից նա Ընդհանուր անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի, իսկ 1992-ից` Ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների ամբիոնի դոցենտ է:
Գ. Վարդերեսյանի ղեկավարած խումբը, որի կազմում էին դոցենտներ Մ. Սիրականյանը, Ս.Կոտիկյանը, Ա. Թորոսյանը, լաբորանտներ Ն. Գասպարյանը, Լ. Պարիկյանը, իրականացրել է Հայաստանի բնական սորբենտների կլանիչ հատկությունների ուսումնասիրությանը նվիրված աշխատանքներ: Ուսումնասիրությունների արդյունքում` մշակվել են “ВПК” և “ВПМ” մակնիշի սորբենտներ, որոնք ներդրվել են ՀԱԷԿ-ի նավթամթերքներով աղտոտված հոսքաջրերի մաքրման արդյունաբերական զտիչներում` ակտիվացրած ածուխի և անտրացիտի փոխարեն: Նոր տիպի կլանիչների օգտագործումը հատկապես կարևոր էր մեր հանրապետության համար բարդ ու դժվարին ժամանակաշրջանում, երբ Հայաստանի շրջափակման պայմաններում վերագործարկվում էր ՀԱԷԿ-ը: Բնական գազի, մազութի, ատոմային ռեակտորի վառելիքի ներմուծումից բացի, մեր հանրապետության էներգետիկայի հզոր օբյեկտները մեկ այլ կարևոր խնդիր էլ ունեին` մեծ քանակությամբ յուղոտված և տեխնոլոգիական ջրերի մաքրման զտիչներում օգտագործվող զտանյութերի` ակտիվացրած ածուխի ներկրումը:
Գ. Վարդերեսյանի ղեկավարած խումբը գիտահետազոտական մեծ աշխատանքներ կատարեց, որոնց արդյունքներում 1998թ. մարտից ՀԱԷԿ-ում ջերմամատակարարման և ստորգետնյա հաղորդակցությունների արտադրամասի արդյունաբերական զտիչներում օգտագործվող թանկարժեք և ներմուծվող ակտիվացրած ածուխը փոխարինվեց անհամեմատ էժան տեղական հումքով` պեռլիտով` առանց արդյունաբերական զտիչների կառուցվածքային ձևափոխման և գործող տեխնոլոգիական սխեմայի փոփոխության:
Ներդրման արդյունքում` տարեկան շահույթը կազմում էր 150 000 դոլար: Ավելի տեսանելի դարձնելու համար շահույթի չափերը բազմապատկենք այն անցած տարիների թվով, ստացվում է բավական մեծ գումար` 2 միլիոն 500 000 դոլար:
Հինգ տասնամյակից ավելի է, ինչ Պոլիտեխնիկի շրջանավարտ, դոցենտ Գագիկ Վարդերեսյանը սիրով աշխատում է մեր համալսարանում` իր գիտելիքները և հարուստ կենսափորձը փոխանցելով ուսանողներին: Նա շատ սիրված է իր ուսանողների և գործընկերների կողմից: Բազմաթիվ ուսումնամեթոդական և 100-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է: Բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, հավաստագրերով: Երկարամյա անբասիր աշխատանքի և ծննդյան 70 ամյակի առթիվ Գագիկ Վարդերեսյանը պարգևատրվել է ՀՊՃՀ Ոսկե մեդալով:
2007թ. նա արժանացել է «Տնտեսության մեջ 2006-2007թթ. ներդրված լավագույն գիտական աշխատանք» մրցույթի 2-րդ մրցանակի:
Գ.Վարդերեսյանի գիտակրթական ոլորտի ձեռքբերումները և հայրենի երկրի բարօրությանն ուղղված ջանքերը բարձր են գնահատվել նաև արտերկրում:
2009թ. նա արժանացել է ԱՄՆ-ի Կենսագրական ինստիտուտի Հայաստանի Ոսկե մեդալի, իսկ մեկ տարի անց` նույն ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ» կոչման և ստացել Ոսկե մեդալ:
Գ. Վարդերեսյանի նկարագիրը ավելի է ամբողջացնում նրա 2012 թ. մասնակցությունը ծննդավայրի Սբ. Հովհաննես Կարապետ տաճարի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներին:
Ծննդյան 75 ամյակի առթիվ շնորհավորում ենք Գ. Վարդերեսյանին, մաղթում քաջառողջություն, երջանկություն և գիտակրթական ոլորտի բազում ձեռքբերումներ: