Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում նշվեց Կիբեռնետիկայի ֆակուլտետի Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի երկարամյա վաստակաշատ դասախոս, Միկրո և նանոէլեկտրոնային բազային լաբորատորիայի գիտաշխատող Ռոբերտ Դաշտոյանի ծննդյան 80 ամյակը։
Հանդիսությանը ներկա էր համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։ Պրոֆեսոր Մարուխյանը շնորհավորեց պրն Դաշտոյանին ծննդյան 80 ամյակի կապակցությամբ՝ բնութագրելով նրան որպես պոլիտեխնիկական լավագույն ավանդույթները կրող և շարունակող, մտավորականի ընդգծված դիմագիծ ունեցող հրաշալի մարդ, մասնագետ, ով մտահոգված է նաև հասարակությանը հուզող այլ հարցերով՝ բնապահպանական, ազգապահպանական, քաղաքաշինական և այլն։ Ռեկտորը հանձնեց նրան Պոլիտեխնիկական համալսարանի բարձրագույն պարգևը՝ Ոսկե հուշամեդալ։ «Ես սիրով կատարում եմ այս հաճելի առաքելությունը, ինչը Ձեր երախտիքի մի փոքր արժևորումն է»,- ասաց պրն Մարուխյանը։
Հանդիսությանը մասնակցում էին Ռ.Դաշտոյանի ընտանիքի անդամները, գործընկերները, ընկերները, ուսանողները։ «ՀԱՊՀ-ի թանգարան-մշակույթի կենտրոն»-ի ղեկավար Արկադի Դուրինյանը ներկայացրեց պրն Դաշտոյանի կյանքի ուղին, զուգահեռաբար ցուցադրելով լուսանկարներ՝ սկսած ծննդյան օրվանից մինչ օրս։ Այդ ուղին սերտորեն կապված է հարազատ բուհի հետ։ Ռոբերտ Դաշտոյանը սովորել է ԵրՊԻ-ի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Նրա ողջ գիտամանկավարժական գործունեությունը կապված է Պոլիտեխնիկի հետ։ Դրան զուգահեռ նա ակտիվորեն մասնակցել և մասնակցում է բուհի մշակութային կյանքին։ Պրն Դաշտոյանը «Վան» քառաձայն երգչախմբի հիմնադիրներից է։ Հոր գործը յուրովի շարունակում են ազգային երգն ու պարը սիրող նրա՝ պոլիտեխնիկցի չորս զավակները։
Պրն Դաշտոյանը շնորհակալություն հայտնեց իրեն պարգևի արժանացնելու և ջերմ շնորհավորանքի համար։ «Պոլիտեխնիկը մեր տունն է, մեր ոգին է, մեր շունչն է։ Պոլիտեխնիկը մեզ տալիս է յուրօրինակ մտածելակերպ, որն օգնում է լուծելու կյանքի ցանկացած խնդիր։ Պոլիտեխնիկին մաղթում եմ երկարակեցություն և այնպիսի շրջանավարտներ, ովքեր բարձր կպահեն նրա անունը»,- նշեց նա։
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը շնորհավորանքի խոսքում նշեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց ի ցույց չեն դնում, շատ համեստ են և դառնում են յուրաքանչյուրիս հոգու մի մասը։ Նման մարդկանցից է Ռոբերտ Դաշտոյանը, ում հետ շփվելով զգում ենք Հայրիկ Մուրադյանի ոգու ներկայությունը։ Ռոբերտ Դաշտոյանին ես նմանեցնում եմ շաղախի, առանց որի պատ չի կառուցվում և նրա շնորհիվ մենք բոլորս միասնական ենք դառնում։ Նա իր մեջ կրում է հայ հոգու հրաշքը, ով խոնարհ ճակատ, բայց ըմբոստ միտք ունի»։
Ռոբերտ Դաշտոյանին շնորհավորանքի բազմաթիվ խոսքեր ուղղվեցին գործընկերների և ընկերների կողմից։ «Վան» ավանդական երգի-պարի համույթը կատարեց ազգագրական երգեր։ Միջոցառումն ավարտվեց «Յարխուշտայի» խրոխտ հնչյունների ներքո։