2015թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում տեղի ունեցավ ԱՐՓԱ հիմնարկի (Analysis Research & Planing for Armenia) նորարարության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, պրոռեկտորներ Արեգ Գրիգորյանը և Մարինկա Բաղդասարյանը, ԱՐՓԱ հիմնարկի ղեկավար Հակոբ Փանոսյանը, մրցույթի մասնակիցները, ինչպես նաև դասախոսներ, ուսանողներ, ասպիրանտներ։
Հ.Փանոսյանը, ողջունելով ներկաներին, համառոտակի պարզաբանեց հայտ ներկայացնելու անհրաժեշտ պայմանները և բարեմաղթանքի խոսքեր ուղղեց նորարարություն ներկայացրած ուսանողներին և երիտասարդ գիտնականներին։ Նա նշեց, որ մրցույթի պայմաններում որոշակի փոփոխություններ կլինեն։ Մինչ օրս մրցույթին մասնակցության հայտ կարող էին ներկայացնել ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները։ Այս տարվանից մրցույթին կարող են մասնակցել նաև մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները, կավելանան նաև պարգևավճարների չափերը։
Այնուհետև մրցույթի բոլոր մասնակիցներին և նրանց ղեկավարներին Հ.Փանոսյանը հանձնեց մասնակցության վկայագրեր և հայտարարեց մրցանակակիրների անունները։ Այս տարի մրցույթին ներկայացված 8 հայտերից 5-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից էին, որոնցից 2-ը զբաղեցրել են մրցանակային տեղեր։
3-րդ մրցանակային տեղը գրավեց Հրայր Հակոբյանը (ղեկավար՝ Աշոտ Պապոյան) «Ինքնավար էլեկտրական սնուցմամբ հատուկ նշանակության տաքացվող կոշիկ» նորարարական աշխատանքի համար և ստացավ ԱՄՆ 600 դոլար պարգևավճար։ «Մանրահատիկ սիլիցիումի ստացումն էներգախնայող այրման ռեժիմում» նորարարական աշխատանքի համար Մարիետա Զաքարյանը (ղեկավար՝ Սոֆիյա Այդինյան) արժանացավ 2-րդ մրցանակի և ստացավ ԱՄՆ 1000 դոլար պարգևավճար։
ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը ողջունեց մրցույթի բոլոր մասնակիցներին, շնորհավորեց հաղթողներին և շնորհակալություն հայտնեց ԱՐՓԱ հիմնարկության բոլոր աշխատակիցներին այս խրախուսական և շնորհակալ ձեռնարկի համար։ «ԱՐՓԱ հիմնարկը առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում Պոլիտեխնիկի հետ կապերի զարգացմանը և բազմազանեցմանը, աջակցում է Պոլիտեխնիկին լաբորատոր բազայի զարգացման և կահավորման հարցում։ Մասնավորապես, ԱՐՓԱ-ի և ԱՄՆ-ի «Պոլիտեխնիկի շրջանավարտների Լոս Անջելեսի միության» ջանքերի շնորհիվ հավաքագրվել է գազային քրոմատոգրաֆի ձեռք բերման համար անհրաժեշտ գումարը։ Այն կտեղակայվի Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն (ՋԷ և ՇՄՊ) ամբիոնի «Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ» մասնագիտության գծով նորաստեղծ սրահում։ Մենք կստեղծենք մրցույթի մասնակիցների թվի ավելացմանը նպաստող բոլոր նախապայմանները, որպեսզի պոլիտեխնիկցիների փայլուն ինժեներական մտքերը չմնան ստվերում»,- ասաց Ո. Մարուխյանը։