Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատակիցները, ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ, հանդիպեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պատվիրակության հետ՝ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին՝ ՀԱՀ-ի Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը, Նորարարության և տեխնոլոգիայի ինկուբացիոն կենտրոնի տնօրեն Արմեն Մկրտչյանը, ՀԱՊՀ-ից՝ Միջազգային համագործակցության և դրամաշնորհների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) համակարգող Ամալյա Մխիթարյանը։ Երկու բուհերի միջև նախկինում ևս եղել են համատեղ ծրագրեր։ Այս տարի ավարտվում է «Տեմպուս» ծրագրի շրջանակներում ՀԱՊՀ-ի և ՀԱՀ-ի միջև իրականացվող համագործակցությունը։ Հաջող համագործակցությունը ենթադրում է ոչ միայն շարունակականություն, այլև նոր ծրագրերի կյանքի կոչում: Պոլիտեխնիկական համալսարանի նախաձեռնությամբ իրականացված այս հանդիպման գլխավոր նպատակը ՀԱՃԼ-ի հետ համատեղ ծրագրեր իրականացնելն էր։
Ներկաների միջև զրույց ծավալվեց Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ բոլորին մտահոգող խնդիրների շուրջ։ Պրն Ա. Տեր-Կյուրեղյանը դրական գնահատեց հայաստանյան բուհերում սպասվող մասնագիտությունների խոշորացումը։ Ըստ նրա՝ այն կօգնի ուսանողներին ավելի լայն մտահորիզոն ձևավորել։ Խոսվեց նաև թերությունների մասին։ Պրն Ո. Մարուխյանը նշեց. «Դա կբարդացնի դիմորդների տեղեկացվածությունը և մասնագիտական կողմնորոշումը։ Ուստի, Պոլիտեխնիկական համալսարանը նոր մեխանիզմներ է մշակում՝ տեղեկատվությունը դիմորդին ժամանակին և ամբողջական հասցնելու համար»։
Հանդիպման ավարտին Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության առաջարկի համար, շնորհավորեց պրն Ոստանիկ Մարուխյանին ՀԱՊՀ ռեկտոր ընտրվելու, իսկ Պոլիտեխնիկական համալսարանին՝ կոլեգիալ աշխատաոճ և բաց քաղաքականություն վարող ղեկավար ունենալու կապակցությամբ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հանդիպումները լինեն շարունակական։