Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հյուրընկալվել էին Լոս Անջելեսի շրջանավարտների և բարեկամների միության նախագահ Աբրահամ Բոյաջյանը, անդամներ Հովսեփ Ուզունյանը և Մանուկ Քիրեճյանը, «Վերադարձ Հայաստան կապեր» կազմակերպության գործադիր տնօրեն Մարի Հալաջյանը։ Նրանք հանդիպեցին ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, Միջազգային համագործակցության և դրամաշնորհների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանի և Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հյուրերին հետաքրքրում էր Պոլիտեխնիկական համալսարանում ֆինանսական արդյունավետ ներդրման հարցը և շրջանավարտների հետագա ճակատագիրը։
Տարիներ շարունակ Լոս Անջելեսի շրջանավարտների և բարեկամների միությունը գերազանց առաջադիմությամբ ուսանողների կրթաթոշակներ է հատկացրել։ Քննարկվեց նաև, թե որքանով է նպատակահարմար այն շարունակել այսօր ևս։ Պրն Մարուխյանը քննարկման ընթացքում նշեց, որ ավելի նպատակահարմար է ֆինանսական ներդրումներ կատարել նոր մասնագիտական լսարանների և լաբորատորիաների բացման համար։ Նման փորձ Պոլիտեխնիկը նախկինում արդեն ունեցել է և բավականին հաջող։ Տիկին Բաղդասարյանը ևս նպատակահարմար գտավ նման որոշումը՝ մասնավորապես կարևորելով, որ լսարանները և լաբորատորիաները սերունդների համար են, իսկ կրթաթոշակները բարեգործություն են անհատների համար։
Հանդիպման ընթացքում պրն Աղգաշյանը հյուրերին տեղեկացրեց ՀԱՊՀ-ում գործող «Շրջանավարտների ասոցիացիա» և «Պոլիտեխնիկ» հիմնադրամ հասարակական կազմակերպությունների մասին։
Մարի Հալաջյանը ներկայացնում էր նաև մեր համալսարանի երկարամյա գործընկեր և բարերար Հարութ Պրոնոզյանին հետաքրքրող հարցեր, մասնավորապես, ինչպիսի՞ն է երիտասարդ շրջանավարտների զբաղվածությունը, բուհն ունի՞ արդյոք կապ նրանց հետ։
Հանդիպման և քննարկումների հիմքում ընկած էր նաև այն խնդիրը, թե ինչպես կանխել Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների արտագաղթը և նրանց հնարավորինս աշխատանքով ապահովել Հայաստանում։
ՀԱՊՀ-ի հյուրերը ծանոթացան բուհի Կարիերայի կենտրոնի գործունեությանը և շրջայց կատարեցին Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում։
Հանդիպումն ընթացավ ջերմ մթնոլորտում։