Այս տարի ևս Պոլիտեխնիկն իր հյուրընկալ դռներն է բացել բոլոր այն ուսանողների առջև, ովքեր ընտրել են ճարտարագետի դժվարին և պատվաբեր մասնագիտությունը, ովքեր պատրաստ են քրտնել և տքնել՝ ձեռք բերելով մասնագիտական հմտություններ և իհարկե զարգացնել ռացիոնալ մտածողությունը։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Մեծ դահլիճում Գիտելիքի օրվա առթիվ կազմակերպված ավանդական հանդիսության ժամանակ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, շնորհավորելով պոլիտեխնիկցիներին, դիմեց օրվա «հերոսներին»՝ առաջինկուրսեցիներին, ընդգծելով, որ մասնագիտական շուկայում պահանջարկված մակարդակի կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ցուցաբերել «աշխատասիրություն ու համառություն, նախանշված նպատակներին հասնելու անկոտրում կամք»: «Ցանկանում եմ, որ դուք իսկապես ներգրավվեք ուսանողական եռուն կյանքի հորձանուտի մեջ: Ուսխորհրդին կտեսնեք և այդ խողովակով մեզ՝ պրոֆեսորադասախոսական կազմին, կհասցնեք որոշակի խորհրդատվություն՝ ձեր կրթական, մասնագիտական դասընթացների մասին, կանեք ձեր առաջարկները, որոնք մեզ համար կարևոր են»: Ընդգծելով համալսարանի առանձնակի դերը մեր պետության և հասարակության կյանքում՝ պարոն Մարուխյանն ասաց. «Մեր հաստատության ավելի քան 120 հազարը գերազանցող շրջանավարտների գերակշիռ մասն աչքի է ընկել ոչ միայն բարձր մասնագիտական պատրաստականությամբ, այլև լայն մտահորիզոնով, հայրենասիրությամբ ու պատվախնդրությամբ: Ցանկանում եմ, որ լինեք նրանց արժանի հետնորդներն ու Պոլիտեխնիկի վարկանիշը բարձրացնողները »:
Գիտելիքի օրվա առթիվ պոլիտեխնիկցիներին իր շնորհավորական խոսքն առաջինկուրսեցիներին ուղղեց ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը. «Համալսարանն ունի փառահեղ պրոֆեսորադասախոսական կազմ, ովքեր նվիրված են իրենց մասնագիտությանը, նվիրված են իրենց ուսանողին, դուք կունենաք ամեն ինչ՝ լավագույնս տիրապետելու համար ձեր մասնագիտությանը, մնացածը պայմանավորված է ձեզնով: Մաղթում եմ, որ լավագույնս անցկացնեք ձեր ուսանողական տարիները և՛ ուսումնառության, և՛ ընկերներ ձեռք բերելու, ճանաչողական, և՛ մարդկային հարաբերությունների առումներով: Դուք այստեղ բացի գիտելիքներից՝ ձեռք կբերեք հմտություններ, որոնք պետք են գալու կյանքի բոլոր բնագավառներում: Պոլիտեխնիկն ավարտող շրջանավարտի մտքի կառուցվածքը, մտածելու ալգորիթմը որևէ մեկը չունի, և որ բնագավառում էլ լինեք, դուք շահեկանորեն տարբերվելու եք»: Ապա հորդորեց՝ չբավարարվել ձեռքբերածով, առաջ ընթանալ նոր գաղափարներով ու նախաձեռնություններով, ուսանողական հետաքրքիր ճանապարհն անցնել աշխատասիրությամբ և նվիրվածությամբ:
Պոլիտեխնիկցիներին Ուսխորհրդի կողմից շնորհավորեց ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ, ՈՒԽ նախագահ Գոռ Վարդանյանը։ Դիմելով առաջին կուրսեցիներին, ովքեր դժվարին մրցապայքարում նվաճել են «Պոլիտեխնիկական համալսարանում ուսանելու իրավունքը», նա ասաց. «Առաջիկա տարիները, որ անցկացնելու եք համալսարանում, ձեր կենսագրության առավել հիշարժան տարիներն են լինելու: Ցանկանում ենք, որ այդ հիշողությունները լինեն վառ և ուրախալի՝ կապված նաև Ուսանողական խորհրդի հետ, քանզի այսօրվանից դուք բոլորդ նրա լիիրավ անդամն եք»:
Միջոցառումը նշանավորվեց նաև նրանով, որ այս տարի համալսարանի պատմության մեջ առաջին անգամ շրջանավարտներին մագիստրոսական կրկնակի դիպլոմներ հանձնվեց։ Պոլիտեխնիկական համալսարանի և Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի 6 մագիստրոսներ՝ Տարոն Պետրոսյանը, Գևորգ Առաքելյանը, Մովսես Զաքարյանը և գերազանց առաջադիմությամբ ավարտած Ազատ Թարջումանյանը, Ծովինար Մելքումյանը, Մարո Վարդանյանը ստացան դիպլոմներ: Դահլիճը հուզմունքով արձագանքեց հատկապես, երբ Մովսեսի փոխարեն բեմ բարձրացավ… նրա մայրը: Պարզվեց, որ Մովսեսը չի կարող ներկայանալ, քանի որ մեկնել է զինվորական ծառայության: Անփորձանք ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում մեր Մովսեսին և նրա զինակիցներին: