Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան էր այցելել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա հանդիպում ունեցավ համալսարանի ղեկավար անձնակազմի հետ։
Քննարկվեց համալսարանի կառուցվածքային փոփոխությունների հարցը։ ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը հայտնեց իր մտահոգությունը ընդունելության քննությունների հետ կապված և առաջարկեց կազմակերպել ընդունելությունը մեկ քննությամբ՝ հիմնականում «Մաթեմատիկա» առարկայից, իսկ որոշ դեպքերում առարկայի ընտրությունը թողնել դիմորդին՝ «Ֆիզիկա» կամ «Մաթեմատիկա»։ Պրն Աշոտյանը տեղեկացրեց, որ Կրթության և գիտության նախարարությունում արդեն քննարկվում է այդ հարցը՝ հեշտացնել տեխնիկական և տեխնոլոգիական մասնագիտությունների ընդունելությունը։ Համալսարանի ռեկտորը առաջարկեց նաև երկարացնել ՀԱՊՀ-ի հեռակա ընդունելության համար նախատեսված դիմումների ժամկետները։ Նշվեց նաև, որ անհրաժեշտություն կա վերանայել Պոլիտեխնիկական համալսարանի կանոնադրությունը։
Նախարար Ա. Աշոտյանը հանդիպման ժամանակ նշեց համալսարաններում ինստիտուտների ձևավորման մասին։ Բուհի ղեկավարությունը դրականորեն արձագանքելով, տեղեկացրեց, որ նման գործընթաց մեր համալսարանում արդեն իրականացման փուլում է և մոտ ապագայում այն կյանքի կկոչվի։ Ա. Աշոտյանը ողջունելով գործընթացի սկիզբը՝ առաջարկեց նաև Պոլիտեխնիկական համալսարանի ֆինանսական վիճակը բարելավելու համար օգտվել հիմնադրամի ընձեռած հնարավորությունից, ինչպես նաև ուշադրությունը սևեռել հատկապես միջազգային ծրագրերի, բուհի առևտրայնացման և հիմնադրամների վրա։
Հանդիպման ժամանակ անդրադարձան նաև ՀԱՊՀ մասնաճյուղերին։ Մասնաճյուղերում անհրաժեշտ է վարել այնպիսի քաղաքականություն, որ շրջաններում ինժեներական կրթությունը պահպանվի և առաջընթաց ապրի։