ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն դոն Գրենթհեմը սեպտեմբերի 15-ին այցելեցին ՀԱՊՀ-ի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն:
ՀՀ վարչապետը և դոն Գրենթհեմը շրջեցին ինովացիոն կենտրոնում, ծանոթացան նրա գործունեությանը և արդյունքներին: Կառավարության ղեկավարը այցի ընթացքում զրուցեց նաև ՀՀ գործող մի շարք սկսնակ ընկերությունների ղեկավարների հետ, ծանոթացավ նրանց արտադրանքներին՝ քննարկելով սկսնակ ընկերությունների զարգացման հնարավորություններն ու ուղիները: Նշվեց, որ սկսնակ ընկերություններից շատերն իրենց արտադրանքը մշակելիս ներգրավված են եղել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող Աքսելերացիայի ծրագրին, որի շրջանակում կենտրոնն աջակցություն է ցուցաբերել 100-ից ավելի սկսնակ ընկերությունների, որոնք իրենց արտադրանքի մշակման համար կարողացել են ներգրավել 1,5 մլն դոլարի ներդրումներ:
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացավ նաև կենտրոնում ընթացող պրակտիկայի ծրագրին, որն իրականացվում է «Պրաեմիում» ավստրալական ընկերության հետ: Ծրագրի շրջանակում կենտրոնը կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում Հայաստանում նոր գրասենյակ բացած համաշխարհային այս ընկերության համար: Տեղեկացվեց նաև, որ ինովացիոն կենտրոնն իր քառամյա գործունեության ընթացքում վերապատրաստել է ավելի քան 3000 ուսանողների, որոնց գերակշիռ մասը եղել է Պոլիտեխնիկից:
Վարչապետ Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց ՀԱՊՀ-ի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի դերը ՏՏ ոլորտի զարգացման գործում և նշեց, որ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, և կառավարությունը պատրաստ է քննարկել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին օժանդակություն ցուցաբերելու յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ: Վարչապետը հիշեցրեց նաև, որ գործադիրը ՏՏ ոլորտում ստեղծվող ընկերություններին տրամադրում է հարկային արտոնություններ: