Գրեթե մեկ տարի է, ինչ գործում է Պոլիտեխնիկի բասկետբոլի մարզական ակումբը։ Ակումբի նախագահը «Սպորտի պատվավոր աշխատող», սպորտի վարպետ Սերոժ Հարությունյանն է։ Ակումբում մարզվում են տարբեր տարիքային խմբերի պատանիներ և աղջիկներ։ Ուրախալի է, որ այս բավական կարճ ժամանակահատվածում մարզական ակումբը հասել է որոշակի հաջողությունների։ Մարզիչը սպորտի վարպետ, Պոլիտեխնիկի շրջանավարտ Սարգիս Ստեփանյանն է, ով տարիներ շարունակ մարզել է Պոլիտեխնիկի մարզական ակումբի պատանեկան թիմը՝ բազմիցս գրավելով մրցանակային տեղեր։ Մարզիչի աշխատանքը լավագույնս դրսևորվել է 1999 և 2000 թվականներին ծնված պատանիների Պոլիտեխնիկի բասկետբոլի մարզական ակումբի հավաքականի հաջողություններում: Հավաքականը դարձավ բասկետբոլի Երևանի չեմպիոն, որից հետո այն իրավունք ստացավ մասնակցելու պատանիների թիմերի հանրապետական առաջնությանը։
Մայիսի 27-ից հունիսի 1-ը Երևանի Շենգավիթի մարզադպրոցում կայացած բասկետբոլի հանրապետական առաջնությունում իր փայլուն խաղով հանդես եկավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բասկետբոլի մարզական ակումբի թիմը՝ գրավելով առաջնության աղյուսակի առաջին հորիզոնականը։ Թիմն արժանացել է Գավաթի և ոսկե մեդալի։ Իրենց խաղով հատկապես աչքի ընկան ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վլադիմիր Հարությունյանը և Արման Դանիելյանը։
Չեմպիոնի կոչման արժանանալու առթիվ շնորհավորում ենք առաջնության գավաթակիր և ոսկե մեդալակիր Պոլիտեխնիկի բասկետբոլի մարզական ակումբի հավաքականի տղաներին և մարզիչ Սարգիս Ստեփանյանին՝ մաղթելով մարզական բնագավառի նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ։