Օգոստոսի 17-ից 23-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե 2015» երիտասարդական համահայկական ամենամյա հավաքը, որին մասնակցում էին Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից հրավիրված երիտասարդներ:
Հավաքի ընթացքում, 18-30 տարեկան 500 երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը չափեցին մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև հանդիպումներ ունեցան ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։
Հավաքի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը, ՀԵՀ տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը և ուրիշներ:
Բազեականներին այցելեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
Մարզական ծրագրում նախատեսված էին սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, ձեռքի ուժ, ֆուտբոլ, լող, ազգային խաղեր մրցաձևերը։ Մշակութային հատվածում երիտասարդները մասնակցեցին երգի, պարի, նորաձևության, նկարչության մրցույթի։ Անցկացվեցին նաև ինտելեկտուալ խաղեր։
«Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացնող ջոկատը հանդես էր գալիս Կապույտ ճակատի կազմում: Յոթ օրերի ընթացքում ջոկատը պատվով ներկայացրեց Պոլիտեխնիկը:
Օգոստոսի 22-ի երեկոյան տեղի ունեցավ «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի փակման գալա համերգը։ Ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության Նախագահը ծանոթացավ «Բազե-2015» հավաքի շրջանակներում անցած օրերին կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, այդ ամենը ներկայացնող տեսանյութին, հավաքի մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբին: Բազեականների հետ հանդիպումից և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո Սերժ Սարգսյանը խոսք է հղել հավաքի մասնակիցներին:
Բազեականների՝ երգի, պարի, նորաձևության միջճակատային վերջին ելույթներից հետո ամփոփվեցին մրցույթի արդյունքները։ «Բազե-2015»-ում հաղթող ճակատ ճանաչվեց Կապույտ ճակատը։ Իսկ «Բազե» պար մրցույթում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացնող ջոկատը։ Պարային փայլուն կատարմամբ հանդես եկավ ՀԱՊՀ ջոկատի անդամ Մարիամ Սահակյանը: