Օգոստոսի 14-ից 20-ը Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ջավախքի բուհերում սովորող մի խումբ երիտասարդներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներ Արցախի Տող գյուղում մասնակցեցին «Համաբուհական բանակում-2015»-ին, որն իրականացվել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, Ուսանողական խորհրդի, Ուսանողական գիտական ընկերության կողմից և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
«Համաբուհական բանակում-2015»-ի պաշտոնական մեկնարկը եղավ Արցախում:
Հավաքի շրջանակում մասնակիցները հանդիպեցին Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: Փոխվարչապետը խոսեց Արցախի պատմության կարևորագույն էջերի մասին և Արցախյան հերոսամարտի մասին պատմեց իր հուշերը: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:
Մասնակիցները բարձրացան Դիզափայտ լեռան 2400մ բարձրությամբ գագաթը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՈւԽ փոխնախագահ Գևորգ Հարությունյանը այդ օրը մեծ ոգևորությամբ ԵՊՀ-ի լրագրողին պատմել է այդ ուխտագնացության մասին:
«Ճանապարհը հեշտ չէր, բայց միասին, բարձր տրամադրությամբ և ոգևորությամբ ուսանողները հաղթահարեցին այն: Լեռան գագաթից բացվում էր գեղեցիկ տեսարան»,-նշել է Գ.Հարությունյանը:
Միջոցառման վերջին օրը՝ պաշտոնական ընթրիքից հետո, ծրագրի կազմակերպիչները ամփոփեցին ծրագիրը, այնուհետև վառվեց հրաժեշտի խարույկը:
Ուսանողական հավաքին մասնակցում էին 100-ից ավելի ուսանողներ: Մասնակիցներից կազմված թիմերը ներգրավված էին 5 ջոկատների կազմում, յուրաքանչյուրում՝ 20 ուսանող, որոնք կրում էին Արցախի հինգ մելիքությունների՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի անվանումները:
Օգոստոսի 20-ին «բանակային» ջոկատներից «Վարանդա»-ն, որի մասնակիցները 7 օրերի ընթացքում կարողացել էին հաղթահարել բոլոր դժվարին փորձությունները, արժանացան լավագույնի կոչմանը՝ որպես մրցանակ ստանալով Բյուրականում եռօրյա հանգստի հնարավորություն:
Բանակային 7 օրերի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան այցելել Խնձորեսկ, Ամարաս, Տնջրի ծառ, եղան Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցում: Կազմակերպված տարաբնույթ խաղ - մրցույթները բարձր պահեցին ծրագրի մասնակիցների ակտիվությունը՝ օր օրի մեծացնելով հաղթելու նրանց ցանկությունը: